Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասում էր իր մտքում. «Գնա՛ այսուհետև, որքան կարող ես, փչի՛ր քո դուդուկը»...

Այդ երիտասարդը պարոն Դուդուկջյանն էր, կամ մեր այժմյան պարոն Սալմանը։

ԻԶ

Ծերունի Խաչոյի տան մեջ ամենևին չգիտեին թե ինչ էր պատահել պարոն Սալմանի հետ, միայն շատ անհանգիստ էին, որ նա գիշերը չվերադարձավ։ Մանավանդ Վարդանը, Հայրապետը և Ապոն խիստ տխուր էին, որովհետև զգում էին, որ անպատճառ մի չար դեպք պետք է պատահած լինի։ Առավոտյան նրանք երեքը միասին դուրս գնացին, գուցե մի բան կլսեին նրա մասին։

Կեսօրին անակնկալ կերպով հայտնվեցավ Թոմաս էֆենդին։ Նրա այս տեսակ գալուստը, մենակ, առանց ծառայի, առանց զափթիաների խիստ օտարոտի թվեցավ ծերունուն։ Նա միշտ ման էր գալիս իր առանձին սվիտայով։ Նա բռնեց ծերունու ձեռքից, մի կողմը տարավ, որպես թե մի գաղտնի խոսելիք ունի նրա հետ։

— Գիտե՞ս,— ասաց նա կիսածաղրական և կիսալուրջ եղանակով.— այն «դուդուկ փչողին» կալանավորեցին, տարան «ի գոգն Աբրահամու»։

Ծերունին հասկացավ, թե ում մասին էր խոսքը, սոսկաց, բոլոր մարմնով դողդողաց և փոքր էր մնում, որ պիտի գլորվեր գետնի վրա։

— Սիրտդ պինդ պահիր, դողալու ժամանակ չէ,— շարունակեց էֆենդին,— դեռևս շատ բան պետք է լսես։

Նա պատմեց, թե ինքը տեղեկացավ, որ անցյալ գիշեր պարոն Սալմանը գնացել էր մի գյուղ, այնտեղ մի տան մեջ հավաքել էր իր շուրջը մի քանի երիտասարդ մշակներ, խոսում էր նրանց հետ «մարդկային անհատական իրավունքների մասին, խոսում էր մշակ մարդու աշխատանքի մասին, թե խոսում էր «բռնակալության» դեմ, խոսում էր ինչ եղանակով մարդիկ ձեռք են բերում ավելի ազատ և ավելի բախտավոր կյանքը»,— ո՞վ է իմանում, զանազան այս տեսակ «խենթությունների» վրա էր խոսում։ Հանկարծ վրա են հասնում մի քանի ոստիկաններ և կալանավորում են։ Կառավարությունը վաղուց որոնում էր այդ «խենթին», որովհետև նրա