Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրքերի։ Որպես տխրությունը, նույնպես և ուրախությունը արտասուք ունեն։ Բայց սարսափելի է լինում այն արտասուքը, որ դուրս է ցայտում բարկությունից,— երիտասարդինը այդ տեսակիցն էր: Այդ տեսակ արտասուքը նման է երկնքի արտասուքին, որ խառն է լինում մրրիկի որոտման և կայծակների հետ...

Նա նկատեց այրվող խրճիթի մոտ մի քանի իրեղեններ, որոնց, գուցե ավարառուն անձեռնհաս լինելով, թողել էր այնտեղ։ Իրեղենները բոլորը ծանոթ էին նրան։ Ահա այն գորգի վրա շատ անգամ նստում էր իր ծերունի հայրը...: Ահա այն վերմակի տակ շատ անգամ քնել էր ինքը...: Ահա այն տաշտի մեջ խմոր էր հունցում իր մայրը...: Ահա այն մեծ թասը, որի մեջ իր քույրը կթում էր ոչխարները...: Մի խոսքով նրանց ամեն մեկը զարթեցնում էր իր մեջ հին-հին հիշատակներ։ Նա մոտեցավ և սկսեց մին-մին վեր առնել և ձգել խրճիթի այրվող կրակի մեջ, կարծես, նրա բոցերը սաստկացնելու մտքով:

Նույն միջոցին վրա հասան երկու զինվորված քուրդ ձիավորներ, որոնք իրանց ետևից քարշ տալով բերում էին մի քանի ուրիշ ձիաներ:

— Ինչո՞ւ ես այրում,— ասաց նրանցից մեկը,— մենք եկել ենք տանելու, առաջ գրաստներ չունեինք, հիմա բերել ենք:

— Էլի կտանեք,— պատասխանեց երիտասարդը սառն կերպով,— դեռ շատ է մնացել։ Իջե՛ք ցած:

Քուրդերը ձիերից ցած իջան և կամենում էին իրենց բեռները պատրաստել:

— Մի՛ մոտենաք, ես պետք է այրեմ դրանց,— գոռաց երիտասարդը:

— Ի՞նչու:

— Ձեզ էլ դրանց հետ կայրեմ, եթե թույլ չտաք:

— Դո՞ւ:

— Ես:

Նույն րոպեում երիտասարդի ծանր սուրը իջավ քրդերից մեկի գլխին, իսկ մյուսի կուրծքի մեջ որոտաց նրա ատրճանակը։ Երեուսն էլ ընկան։ Երիտասարդը խլեց դիակները և ձգեց կրակի մեջ։ Այնուհետև նա բռնեց նրանց ձիերից մեկը, որն ավելի լավն էր, նստեց և սկսեց քշել:

Հայտնի չէ, թե ի՞նչու, երբ նա մի փոքր հեռացավ, կրկին ցած իջավ ձիուց, նրան արձակեց և ինքն դարձյալ սկսեց ոտով գնալ։ Երևի այդ այն պատճառով էր, որ ձիով չէր կարող անցնել այնտեղի