Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դուք առաջուց ճանաչո՞ւմ էիք նրան։

— Աոաջին անգամն էր, որ տեսա նրան:

— Ուրեմն ինչու՞ ընդունեցիք ձեր տնում։

— Ես այս գյուղի տանուտերն եմ։ Ձեզ հայտնի է մեր երկրի սովորությունը, տանուտերի տունը մի տեսակ քարվանսարա է, մի տեսակ հյուրանոց է, ուր ամեն մի օտարական, ամեն մի անծանոթ մարդ օթևան է գտնում։ Ի՞նչ կարող եմ գիտենալ, թե ո՞վ է գալիս կամ ո՞վ է գնում։

— Նա չթողեց այստեղ մի բան։

— Ոչինչ չթողեց։

— Դուք չհասկացաք, թե ի՞նչ դիտավորությամբ էր շրջում նա այս կողմերում։

— Նա մեզ ոչինչ չհայտնեց։ Այսքանը գիտեմ, որ նա վարժապետ էր։

— Դուք չգիտե՞ք թե նա ում հետ էր տեսնվում, կամ ում հետ էր խորհրդակցում։

— Վարժապետը ամեն մարդու հետ տեսնվում էր աշակերտներ գտնելու համար։

— Այժմ գիտեք, նա ո՞րտեղ է։

— Չգիտեմ։

— Կալանավորված է։

— Ավելի լավ, եթե վատ մարդ էր։

Այդ միջոցին զարկեցին տան գռան մուրճը։

— Ոչ ոք ներս չթողնել,— հրամայեց հիսնապետը։

Ծառան հայտնեց, թե Թոմաս էֆենդին է։

— Նա կարող գալ։

Ներս մտավ էֆենդին, և տեսնելով հիսնապետին իր խումբի հետ, իրան բոլորովին զարմացած ձևացրեց, որպես թե ինքը ամենևին տեղեկություն չունի, թե նրանք ինչու համար են մտել ծերունու տունը։

— Բարի լինի, ի՞նչ կա,— հարցրեց նա խորհրդավոր ձայնով։

Հիսնապետը հայտնեց նրան իր պաշտոնի նպատակը։ Էֆենդու կոշտ դեմքի վրա անցավ մի կեղծ ժպիտ, և նա բռնելով հիսնապետի ձեռքից, ասաց.

— Գլխովս երաշխավոր կլինեմ, եթե տանուտեր Խաչոյի մոտ մի կասկածավոր բան գտնվելու լինի։ Դուք չեք ճանաչում, թե նա որքա՜ն բարի և լավ մարդ է։

Նա տարավ Հիսնապետին օդան, բայց զափթիաները, կավազների