Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես ավելի կասկած ունեմ ծերունու երկու որդիների և մի օտարականի վրա, որ նույնպես հյուր է այս տան մեջ։

— Ի՞նչ օտարական,— հարցրեց հիսնապետը։

— Մի ռուսաստանցի երիտասարդ, որ չափազանց վտանգավոր անձնավորություն է և սաստիկ ոխերիմ թշնամի մեր կառավարությանը։ Նա այս կողմերում թափառում է վաճառականի պատրվակով, բայց իսկապես ռուսաց լրտես է։

— Նրան կալանավորել մի փոքր դժվար է, եթե ռուսաց հպատակ է,— պատասխանեց հիսնապետը։

— Պատերազմի ժամանակ լրտեսներին միշտ կարելի է կալանավորել։ Ձեզ հայտնի է, որ պատերազմը շուտով հրատարակվելու է։

— Ես այդ գիտեմ...

— Այդ երիտասարդի մասին ես արդեն խոսացել եմ նորին գերազանցության զինվորական գործակատար՝ փաշա էֆենդու հետ, մի՞թե նա ձեզ ոչինչ չէ պատվիրել։

— Փաշա էֆենդին այսքանը միայն պատվիրեց, որ ես կատարեմ ձեր բոլոր կարգադրությունները։

— Շատ գեղեցիկ, — խոսեց էֆենդին ուրախ ժպիտով.— ես կկարգադրեմ ինչ որ պետք է։ Բայց մի բան էլ կա, ձեզ հետո կասեմ։

— Ես շատ անհամբեր եմ,— պատասխանեց թուրք աստիճանավորը,— ես «հետիններին» ազատել չեմ կարող։

— Ուրեմն ձեր ականջին կասեմ։

Հիսնապետը մոտեցրեց էֆենդուն իր ականջը, թեև օդայի մեջ բացի այդ երկուսից մի ուրիշ մարդ չկար, որ նրանց խոսակցությունը լսեր։ Էֆենդին ասաց. «Ծերուկը բավական հարուստ է, պետք է նրան կթել»...

Թոմաս էֆենդին բավական ծանոթ լինելով թուրք պաշտոնատարների թուլություններին, նա շատ լավ էր իմանում, որ այդ կաշառակեր գազաններին այնքան չէ հետաքրքրում գործի էությունր, կամ նրա բոլոր մանրամասնությունների ճիշտ քննությունը,— որքան գրավում է նրան այն միտքը, թե ինչ ձև և ինչ ընթացք պետք էր տալ գործին, որ կարելի լիներ մեղադրվածից ավելի փող դուրս բերել։ Թոմաս էֆենդին աշխատում էր օգուտ քաղել թուրքերի այդ թողությունից և իր հորինած մեքենան իր նպատակին համեմատ պտույտ տալ։ Այս պատճառով նա շատ ուրախացավ, երբ նկատեց, որ հիսնապետը գրավելով իր վերջին խոսքերից, հարցրեց.