ծաղիկները, որոնց համար այնքան աշխատել էին տանուտերի հարսներր և աղջիկները: Նրանք բռնում էին ծառերի ճյուղերից, քարշ էին տալիս, կոտրատում էին պտուղները քաղելու համար, հասածները ուտում էին, իսկ տհասները գցում էին հողի մեջ և կոխ էին տալիս։ Ծերունի Խաչոն այդ տեսավ հեռվից և նրա սիրտը խորին կերպով խոցվեցավ։ Նա այնքան էր սիրում իր ծառերին, որքան իր զավակներին։ Նա իր խելացի գլուխը շարժեց և նույն րոպեում նրա մտքից անցավ պարսկական վաղեմի առածը, «երբ որ զորապետը խլում է այգեպանից մի խնձոր առանց փողի, այն ժամանակ նրա զորքերը ամբողջ այգին արմատախիլ կանեն»։ Այսպիսի բարբարոսության ընդունակ է թուրք։ Ով որ գութ չունի դեպի կենդանի բույսերը, նա չի կարող գութ ունենալ և դեպի կենդանի մարդիկ։ Թուրքը ծառի պտուղը կուտե, իսկ ծառը կոչնչացնե։ Թուրքը մարդու ձեռքի վաստակը կառնե, իսկ նրան կմահացնե․․․ Թուրքը որպես անխնայորեն սպառեց իր երկրում գտնված անտառները, նույնպես անխնայորեն ոչնչացրեց իր տերության այլազգի ցեղերը...
Ծերունին նույն բարբարոսությունն էր տեսնում իր տան մեջ, բայց լռում էր։ Նա մտավ խոհանոցը, ուր կնիկները ճաշ էին պատրաստում։ Խե՜ղճ մարդ, նա արդեն կալանավորված էր իր տնում, և իր բանտի մեջ իր պահապաններին ցույց էր տալիս հյուրասիրության սուրբ պարտքը։
— Այդ ի՞նչ մարդիկ են, ի՞նչ էին պտռում, ի՞նչու են քանդում մեր տունը, — հարցրեց Սառան արտասվալի աչքերով։
— Աստված գիտե․․․ — պատասխանեց ծերունին տխուր կերպով և պատվիրեց, որ ճաշը շուտ տան։
Կնիկները գտնվում էին մի սարսափելի երկյուղի մեջ։ Նրանք քաշվել և տուն էին մտել զինվորների աչքից հեռու մնալու համար։ Նրանք հասկանում էին, որ մի տարօրինակ բան պետք է պատահած լինի, որ թուրքերը այժմ այնպես անպատկառ կերպով էին վարվում իրանց տան հետ։ Մինչև այն օրը նրանք շատ անգամ տեսել էին այսպիսի հյուրեր, բայց միշտ ծերունու տան պատիվը պահպանված էր եղել։
Հայրաապետր և Ապոն, որոնք առավոտյան Վարդանի հետ գնացել էին պարոն Սալմանին որոնելու, տակավին չէին վերադարձել։ Ծերունու մյուս որդիները, դաշտում լսելով թուրքերի անկարգություններր, իսկույն տուն վազեցին։ Նրանք սաստիկ կատաղած էին ոչ թե թուրքերի դեմ, այլ իրանց անմեղ հոր դեմ։ Ստրուկները միշտ