Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սեղան ևս զինվորների համար։ Այդ վերջինները հետզհետե անտանելի էին դառնում։ Այդպիսի դեպքերում, հայի տան մեջ, թուրք զինվորը բավական պահանջող է լինում։ Նրա ճաշակը նրբանում է. նրա ախորժակը բացվում է․ և նա պահանջում է այն տեսակ կերակուրներ, այն տեսակ խմիչքներ, որոնց անունն է լսել միայն, իսկ իր կյանքում մի անգամ ևս չէ տեսել։ Տան տիրոջ յուրաքանչյուր «չկան» պատասխանվում է հայհոյանքներով։ Թեև այսպիսի անկարգություններ չպատահեցան, բայց դարձյալ ծերունու որդիները սաստիկ տանջվեցան, մինչև կարողացան իրանց անամոթ հյուրերի այս և այն պահանջներին բավականություն տալ։

Հիսնապետը և Թոմաս էֆենդին ճաշում էին օդայի մեջ երկուսը միասին։ Ծերունի տանուտերը նրանց սեղանակիցը չեղավ, և սպասավորի նման մնաց ոտքի վրա, դրանով կամենալով ցույց տալ իր հյուրերին մի առանձին պատիվ։ Ծերունու որդիները ծառայում էին զինվորների սեղանի շուրջը։ Առժամանակ արաղը և տանուտերի խոհանոցի առատ խորտիկները զբաղեցրին նրանց։ Այդ դեպքից օգուտ քաղելով, ծերունին մոտեցավ Սառային և ծածուկ ասաց նրան․

— Զավակս, ա՛ռ այդ բանալիները և տանը ինչ լավ թան որ կա, բոլորը թաքցրու, դու խո իմանում ես, թե որտեղ պետք է թաքցնել։

— Իմանում եմ․․— պատասխանեց խեղճ կինը և նրա աչքերը լցվեցան արտասուքով։ Այդ նախազգուշությունը արդեն նշան էր, որ սպառնում է մի մեծ վտանգ։

— Լսիր, և սիրտդ պինդ պահիր,—շարունակեց ծերուհին,— մեր տունը շատ անդամ տեսել է այս տեսակ փորձանքներ։ Աստուծով բոլորը կանցնի միայն պետք է համբերություն ունենալ։ Իրեղենները թաքցնելուց հետո հարսներին երեխաների հետ կուղարկես իրանց ծնողների տները, իսկ դու Լալային քեզ հետ վեր առնելով, կգնաս մեր քավոր Զաքոյի տունը, այնտեղ կմնաք, մինչև տեսնենք, թե ինչով կվերջանա այդ փորձանքը։

Ծերունու հարսներից ոմանք Օ... գյուղից էին, իսկ մի քանիսը մերձավոր գյուղերից, այս պատճառով, նրանց առժամանակ իրանց ծնողների հետ պատսպարվելը դժվար չէր։ Միայն Սառան հեռու տեղից էր բերված, նրա ծնողները գտնվում Բայազեդում, դրա համար ծերունին առաջարկեց նրան քավոր Զաքոյի տունը որի վրա մեծ հավատարմություն ուներ։

— Մի բան էլ կա, լսիր, Սառա, — շարունակեց ծերունին,-