Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թուրք հիսնապետը համեմատաբար ավելի ազնիվ զգացմունքի տեր մարդ էր, քան հայ էֆենդին։ Նա ասաց ցավակցաբար.

— Ես կարծում եմ, որ զինվորական նոր գործակատարը այդ Խեղճին լավ կկթե…

— Տարակույս չկա… Անխելք պետք է համարել այն մարդուն, որ չի աշխատի մի այսպիսի բարեբեր կովից օգուտ քաղել…

— Դու ճանաչում ես նրան, ի՞նչպես մարդ է, ես առաջին անգամն եմ տեսնում։

— Շատ լավ եմ ճանաչում,— պատասխանեց էֆենդին գործագետ մարդու եղանակով.— ես նրան ճանաչում եմ դեռ այն ժամանակից, երբ Տիգրանակերտի գավառում գայմագամ էր։ Տասն տարուց ավելի կողոպտեց, հարստացավ, հետո Պոլիս գնաց և աքնտեղ փաշա դարձավ:

— Ի՞նչպես մարդ է։

— «Սատկած էշ է պտռում նալերը դուրս քաշելու համար»։

Մինչև էֆենդին և հիսնապետը զբաղված էին այս տեսակ խոսակցություններով, մինչև զինվորները արբեցության մոռացության մեջ երգում էին, հռհռում էին և պար էին գալիս, ծերունու տան կնիկները իրանց երեխաների ձեռքից բռնած, տան ետևի դռնով դիմում էին դեպի իրանց ծնողների տները։ Արտասուքը հեղեղի նման թափվում էր այդ թշվառների աչքերից, որոնց այնպես էր թվում, թե դեպի գերություն են տարվում, թե պետք է մյուս անգամ չտեսնեն այն տունը, ուր այնքան բախտավոր էին, ուր այնքան սիրված էին։

Այդ միջոցին Եղոն և Սաքոն, երկուսն էլ զինվորված, դուրս եկան նույն դռնից, և նստելով ձիերի վրա, հեռացան։ Թոմաս էֆենդին իր բոլոր սատանայական խորամանկությամբ չմտածեց կալանավորել այդ երկու ավազակներին, որոնք Վարդանի թև ու թիկունքն էին, որոնք կարող էին խանգարել նրա չար դիտավորությունները…

ԻԸ

Թոմաս էֆենդին դեռ մասամբ միայն հասած էր համտրում իր նպատակին։ Նրա գլխավոր նպատակը տակավին մնացել էր անկատար։ Ստեփանիկի աղջիկ լինելը նա վաղուց գիտեր։ Նրան