Իսկ եթե չհոժարվեին տալ, բավական էր, որ աղջիկը սիրում էր, և Վարդանը, իբրև կանտրաբանտիստ, կվարվեր նրա հետ, որ պես մի արգելված ապրանքի հետ, այսինքն, մի գիշեր կվեր առներ և կփախցներ։ Եվ այդ կատարելու համար Վարդանը բավական քաջություն և համարձակություն ուներ։— Այդ բոլորը մտածում էր էֆենդին։ Ուրեմն ի՞նչ պետք էր անել երիտասարդի դիտավորությունները խափանելու համար։- Պետք էր նրան մի կերպով այս երկրից հեռացնել, և հեռացնել կառավարության զինվորների հսկողության ներքո, որ նա չկարողանա Լալային իր հետ տանել։ Այդ էր պատճառը, որ Թոմաս էֆենդին մատնեց Վարդանին որպես ռուսաց լրտես։
Բայց ի՞նչու նա պատվիրեց կալանավորել Խաչոյի որդիներից երկուսին միայն՝ Հայրապետին և Ապոյին։ Մի՞թե նրան հայտնի էր, թե այդ երկուսը միաբանվում էին պարոն Սալմանի հետ։ Մի այսպիսի կասկած նա չէր կարող ունենալ, թե հայ գյուղացին ընդունակ է մտածելու իր ազատության համար։ Նա միայն մի բան գիտեր, որ ծերունու մյուս որդիները հլու «ավանակներս» էին, իսկ եթե կային նրանց մեջ այնպիսիները, որ կարող էին հակառակել Լալային իրան կնության տալու ցանկությանը,— դրանք պետք է լինեին Հայրապետը և Ապոն։ Որովհետև էֆենդին վաղուց նկատած էր այդ երկու եղբայրների մեջ մի սաստիկ հակակրություն դեպի ինքը, այդ պատճառով պատվիրեց նրանց ևս կալանավորել, որ ձայները կտրեն...
Ահա՜ այդ անորոշ դրության մեջ էր Լալայի վիճակը։ Երեք հոգի սիրում էին նրան։ Երեքն էլ իրանց հատուկ հնարքներով տածում էին նրան ձեռք բերել։ Քուրդ Ֆաթթահ-բեկը, որպես աներկյուղ և հայտնի ավազակ, կամենում էր բացարձակ կերպով հափշտակել իր որսը, որպես համարձակ արծիվը ալանում է ամպերի միջից և հափշտակում է ժայռերի վրա արածող եղջերուի ձագ։ Իսկ հայ կապալառուն, Թոմաս էֆենդին, որպես հարստահարիչ, օձի նման, մտածում էր դալարել իր թեփուկների մեջ իր զոհին, և ճնշել ու խեղդել նրան, որ կարողանա վերջը կուլ տալ։ Բայց Վարդանը, այդ անձնավստահ և հանդուգն կանտրաբանտիստը, ինչպես ասացինք, մտածում էր փախցնել նրան, եթե հոժարությամբ տալու կամք չունենային: Իսկ որի՞ն էր սիրում Լալան,- այդ մենք գիտենք։
Բայց քուրդ բեկը այժմ զբաղված էր իր զինվորական պատրաստություններով, շատ չէր մտածում Լալայի վրա։ Վարդանը