զբաղված էր պարոն Սալմանով։ Միայն Թոմաս էֆենդին այնպես էր սարքել գործը, որ նրան շատ հաջողություն էր խոստանում:
Ճաշելուց հետո հիսնապետը, չափազանց խմած լինելով, անմիջապես քնեց։ Նրա զինվորները դեռ բռնած էին իրանց պահնորդական դիրքը: Ծերունու որդիներից Հայրապետը և Ապոն տակավին չէին վերադարձել տուն։ Թոմաս էֆենդին ամենահարմար ժամանակը համարեց խոսել Լալայի մասին նրա հոր հետ։ Նա թողեց քնած հիսնապետին օդայի մեջ, ինքը դուրս եկավ։ «Սկսեցի, պետք է վերջացնել,— մտածում էր նա,— էշի վրա նստելը մեկ ամոթ է, բայց վեր ընկնելը երկու ամոթ»...
Նա գտավ ծերունուն տխուր և հոգնած, միայնակ նստած էր բակի պատի մոտ, և հետ-միջօրեի արեգակով ջերմացնում էր իր սառած անդամները։ Նրա աչքի առջև զինվորները լրբաբար հռհրռում էին, ծիծաղում էին, զզվելի հանաքներ էին անում։ Նրանք քաշում էին մոտից անցնող քուրդ աղախինների փեշից և ստիպում էին, որ իրանց հետ խոսեն, որ իրանց հետ հանաքներ անեն, կաս ծեծում էին ծառաներին, որ այս և այն հրամանները կատարեն Ծերունի նահապետը տեսնում էր անամոթությունը այն տան մեջ ուր միշտ պահված էր եղել ընտանեկան սրբությունը,— ուր օտար տղամարդի մի անհամեստ ժպիտն անգամ երբեք անպատիժ չէր մնացել։ Իսկ այժմ տեսնում էր իր աչքի առջև մի խումբ անառակներ, որոնք, որպես սեփական տան մեջ, զանազան պատվերներ էին տալիս... «Ի՛նչ վիճակ է այդ,— մտածում էր ծերունին, — ի՞նչու համար ենք ապրում... ին՞չու գետինը չէ պատռվում և մեզ կուլ չէ տալիս... ի՞նչու երկինքը չէ փուլ գալիս ու մեզ տակովը չի անում... այդ ի՞նչ կյանք է... տեսնել իր աչքի առջև անպատվությունը և լուռ մնալ... էլ ո՞ւմ համար է պատրաստել աստվադժոխքի կրակը... էլ ո՞ւմ համար են երկնքի կայծակները... ի՞նչու չեն պատժում անզգամին»... Այսպես հառաչում էր նա և իր արտասուքով լի աչքերը դարձնում էր դեպի երկինքը։ Բայց երկնքից ոչինչ պատասխան չէր լսում...
Նա տեսավ զինվորներից մի քանիսը տնից դուրս էին բերում զանազան իրեղեններ։ Իսկ Սառան, որ մյուս հարսներին ճանապարհ դնելուց հետո, դեռ մնացել էր տանը, աշխատում էր խլել զափթիայի ձեռքից ահագին պղնձե կաթսան։ Բայց նա զարկեց բռունցքով խեղճ կնոջ կուրծքին, և կինը ընկավ գետին... «Իմ տա կայքը իմ աչքի առջև բաժանում են, առանց տիրոջ կամքը հարդ նելու... Եվ ի՞նչու համար, ի՞նչով եմ ես մեղավոր: Նրանով,