Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդունել եմ իմ տան մեջ մի հյուր, որր բողոքում էր, թե գյուղացու աշխատանքը, գյուղացու սեփականությունը պետք է ապահովված լինի։ Ինձ պատժում են, թե ինչո՞ւ ես օթևան տվեցի մի այսպիսի մարդուն, որ բռնության, անխիղճ հարստահարության և գազանային անգթության հակառակն էր խոսում։ Որ քարոզում էր մեզ, թե պետք է աշխատենք մեր պապերից մնացած հողի տերը լինել, թե մենք ինքներս պետք է կառավարենք մեր գործերը, թե պետք է աշխատենք թոթափել օտարի լուծը․․․ Ով է մտցնում մեր մեջ այդ մտածությունները, եթե ոչ ինքը՝ բռնությունը։ Եթե մեզ հանգիստ թողնեին, եթե մեր ընտանիքը չանպատվեին, եթե մեր վաստակը մեր ձեռքից չխլեին, եթե մեզ հետ մարդու նման վարվեին և անասունի, պես չտանջեին, այն ժամանակ մենք գոհ կլինեինք։ «Ազատասիրության հայրը, — ասում էր երիտասարդը, — բռնությունս է, իսկ մայրը՝ անիրավությունը»։ Ես հիմա եմ հասկանում այդ խոսքերի միտքը։ Բռնակալը ինքն է պատրաստում իր համար թշնամիներ.. Եթե թուրքը այսպես չվարվեր մեզ հետ, մենք մինչև անգամ կսիրեինք նրան, թո՜ղ նա մեր մսից և արյունից չլիներ»։

Այսպես մտածում էր ծերուհին և նրա սիրտը ծովի ալեկոծության նման տակնուվրա էր լինում։ Բայց ի՞նչ կարող էր անել ուժաթափ առյուծը այնքան գայլերին։ Նա զգում էր իր վիճակի դառնությունը և հնարների մասին հոգալու համարձակություն չուներ։ «Մի ձեռքը ծափ չի տա»,— կրկնում էր նա հայտնի առածը- Եթե մեր բոլոր գյուղացիները այսպես մտածեին, այն ժամանակ մեզ մի ճար կլիներ։ Այս հոգեկան խռովության մեջ գտավ ծերուհուն Թոմաս էֆենդին, և լիրբը կամենալով նրա սիրտը ավելի խոր խոցել հեռվից ասաց.

-Բանը վատ է գնում, շա՜տ վատ, տանուտեր Խաչո, «էշը այնպես չի խրվել, որ կարելի լիներ ցեխիցը հանել»..

Ծերունին չլսեց նրա խոսքերը, միայն հեռվից տեսնելով, կանգնեց ոտքի վրա։

-Նստիր,- ասաց էֆենդին, ձեռքը բարեկամաբար նրա ուսի վրա դնելով,— ես էլ քեզ մոտ կնստեմ, դրանից լավ տեղ չենք գտնի խոսելու համար։— Նրանք նստեցին միմյանց մոտ մի կտոր կապերտի վրա, որ ծառայում էր որպես օթոց։

-Այդ մարզիկը ե՞րբ պիտի գնան,— հարցրեց ծերունին, ձեռքը պարզելով դեպի զինվորները, որոնք դեռ չէին դադարել իրանց անիրավ վարմունքից։