Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատերազմից հայերը ռուսներից ոչինչ օգուտ չպիտի սպասեն: Եվ կրկին դառնալով դեպի հավատարմության միտքը, նա ասաց, թե թուրքերը այնքան վատ չեն որքան մենք կարծում ենք, թե հայերի վիճակը կապված է թուրքերի հետ, և այս պատճառով ամեն մի ապստամբական խորհուրդ պետք է «խենթություն» համարել։ Եվ դրա համար էֆենդին պարոն Սալմանի վարմունքը խելագարություն է համարում, և ամենևին չի վշտանալ, եթե նա սաստիկ կպատժվի, միայն ցավում է, որ նրա պատճառով մի քանի մարդիկ ևս պետք է պատժի ենթարկվեն․․․

— Ի՞նչ մարդիկ,- կտրեց ծերունին նրա խոսքը, գունաթափվելով։

— Դու և քո երկու որդիները՝ Հայրապետը և Ապոն, և քո մյուս հյուրը — Վարդանը,- պատասխանեց էֆենդին։

Հարվածը սաստիկ էր, և կարող էր միանգամից անդամալուծել ողորմելի ծերունուն։ Բայց տանջանքներով լի կյանքը, մշտական վտանգը և տառապանքները այն աստիճան մխել էին նրա սիրտը, որ կարողացավ դիմանալ էֆենդու բոթալից խոսքերին, և պահպանելով իր հանգստությունը, հարցրեց․

— Մենք ի՞նչով ենք մեղավոր։

— Օրհնած, այնպիսի միամիտ հարցմունք ես անում, որ երեխան էլ չի անի։ Կարծես, ինքդ չգիտես, թե ինչով եք մեղավոր, պատասխանեց էֆենդին դառն հեգնությամբ։— Մի բոլորովին առողջ մարդ ի՞նչով է մեղավոր, որ նրան հիվանդի տեղ են դնում, նրա համար միայն, որ նա դուրս էր եկել ժանտախտով կամ քոլերայով վարակված մի հասարակության միջից և կամենում էր մի օտար երկիր գնալ, որ ազատվեր այդ ախտերից։ Բայց նրան սահմանի վրա բռնում են, կոխում են մի ծակի մեջ և այնքան ծուխ ու մուխ են տալիս, որ հոգին դուրս է գալիս...

— Ուրեմն մեզ էլ պետք է ծակը կոխեն,— հարցրեց ծերունին և նրա դեմքի խորշոմների մեջ երևացին սարսափելի ցնցումներ, որ նշան էին սաստիկ բարկության։

— Այո՛,— պատասխանեց էֆենդին սառնասրտությամբ։

Բայց նա եկել էր Լալայի մասին առաջարկություն անելու, նրա ձեռքը խնդրելու և իր սերը հայտնելու։ Ի՞նչու բոլորը մոռացավ նա, ի՞նչու այսպես տանջում էր ողորմելի հորը։ Թոմաս էֆենդին, ինչպես վերևը ասացինք, աշխատում էր ծերունի տանուտերին այնպիսի մի անելանելի դրության մեջ դնել և այնպիսի մի համոզման բերել, որ ստիպված լինի մտածել, թե իրանց