Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեռնողը ավելի շուտ ոգի առավ, քան թե կենդանին, և առաջինը խոսեց իր թույլ, դողդոջուն ձայնով. «Հիմա, տե՛ր, ա՛ռ հոգիս, որովհետև մեռնում եմ որդուս գրկի մեջ»:

Երիտասարդը դեռ անշարժ էր:

Ծերունին ավելացրեց.

«Տասը տարի կորած որդիս այժմ կփակե հոր աչքերը»:

Երիտասարդի գլուխը դեռ այնպես ընկած էր ծերունի հոր կուրծքի վրա: Հայրը իր թույլ ձեռքով բարձրացրեց այն սիրելի գլուխը և ասաց.

«Սարհա՛տ, աննման Սարհա՛տ, թող օրհնեմ քեզ, հետո մեռնեմ»:

— Բայց առաջ դու լսի՛ր որդուդ անեծքը և հետո մեռիր,— ասաց երիտասարդը զայրացած ձայնով:— Այո՛, տասը տարի կորած որդիդ այժմ պետք է փակե հոր աչքերը, որին գտնում է արյան մեջ շաղախված: Բայց ո՞վ եղավ որդուդ կորչելու պատճառը, եթե ոչ ինքը հայրը: Ես անառակ որդի չէի, ես փչացնող և արբեցող չէի, ես միայն սիրում էի զենքեր, սիրում էի ձի, սիրում էի որսալ: Իմ զվարճությունները համեստ էին: Իսկ այդ բոլորը ատում էիր դու: Ինձ դու ձգեցիր վանքը և կամենում էիր ինձանից ճգնավոր, աղոթող պատրաստել: Այնտեղից ես փախա։ Այնուհետև խոփն ու բահը, գերանդին ու մանգաղը, այդ բաները առաջարկեցիր ինձ: Ես ընդունեցի, բայց առանց հրացանս թողնելու, որովհետև տեսնում էի, որ քուրդը հափշտակում էր մեր վարուցանքը, մի բանով պետք է պահպանել նրան։ Բայց դու ինձ խրատում էիր բարի լինել և բարությամբ պատասխանել չարին, դու ինձ ասում էիր. «Մենք հայեր ենք, մեր գլուխը պետք է միշտ ցած ծռած լինի, մեր լեզուն միշտ մունջ պետք է լինի և մեր ձեռքը պետք չէ, որ բարձրանա օտարի գլխի վրա...»։ Դրանք էին քո քարոզները։ Բայց ես տեսնում էի, քանի որ գլուխս ծռում եմ, ավելի շատ են ծեծում, քանի որ լեզուս մունջ եմ պահում, ավելի շատ են հայհոյում,— ես տեսնում էի, երբ ձեռք չեմ բարձրացնում, եղած չեղածս տանում են, և ես մնում եմ աղքատ ու քաղցած։ Բայց դու ինչ աստուծո վրա էիր ձգում, և պատվիրում էիր ինձ համբերել... Ես սկսեցի չհավատալ աստուծուն, երբ տեսնում էի, որ նրա աչքերի առջև ամեն տեսակ չարագործություններ կատարվում են, և նա միշտ մնում է անտարբեր։ Իսկ քո բարկության չափն անցավ. դու արտաքսեցիր հոր տնից անառակ որդու, որ իր պապերի սովորություններով