Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կտոր, որի վրա մատիտով շտապ ձեռքով գրած էր մի տող միայն՝ «Ես կալանավորվեցա» և երկու գլխատառեր՝ Լ. Ս.։

Վարդանը կարդաց, և թուղթը տալով Հայրապետին, ասաց.

— Ես այդ սպասում էի..․։

Երեքն էլ մնացին քարացած։ Անցքը սարսափելի տպավորություն գործեց նրանց վրա։ Երկու մեծ կորուստ իսկույն պատկերացավ նրանց աչքի առջև, մեկը, որ բարի ցանկություններով լի մի երիտասարդ զոհ գնաց իր անփորձություններին, մյուսը, որ նրա կալանավորությունը գուցե երևան կհաներ և կոչնչացներ այն խորհուրդը, որի իրագործելու համար նրանք ուխտել էին ամեն տեսակ զոհաբերություն։

Տան տերը զարմացած նայում էր այդ երեք մարդու վրա, թե ի՞նչու այն թղթի կտորը այնքան տխրություն պատճառեց նրանց։ Նրանք ոչինչ չհայտնեցին և դուրս եկան։

Արդեն երեկո էր։ Անասունների նախիրը, բառանչելով, թռչկոտելով, դառնում էր արոտից, բարձրացնելով փոշու թանձր մառախուղ։ Գյուղացիները նույնպես ուրախ, ծիծաղելով, միմյանց հետ հանաքներ անելով, տուն էին դառնում դաշտային աշխատություններից։ Նրանցից ոչ ոք չէր հետաքրքրվում, ոչ ոք չէր մտածում այն բանի վրա, թե այս գյուղի մեջ, նախընթաց գիշերում կատարվել էին երկու չարագործություններ,— մի երիտասարդ կալանավորված էր և մի աղջիկ անպատված էր... երկուսն էլ միևնույն մարդու ձեռքով, որ հայ անուն է կրում, և հայոց ամբոխից հարգանք է վայելում...

— Գյուղացին,- ասաց Վարդանը իր ընկերներին,- մի տեսակ երեխա է, միայն հասակը առած։ Տեսնում ես, երեխան գլորվում է, ընկնում է գետին, գլուխը դիպչում է պատին, նա այնքան ժամանակ լաց է լինում, որքան զգում է ցավը, իսկ երբ ցավը անցավ, նա բոլորը մոռանում է, որպես թե ոչինչ չէր պատահել, և կրկին սկսում է խաղը, կրկին սկսում է իր ծիծաղը...

— Շատ դժվար է այսպիսի մեծ երեխաների հետ գործ ունենալը...- ավելացրեց նա։ — Դարերով միևնույն հարվածներն են ուտում, միևնույն պատին են դիպցնում իրանց գլուխները, միևնույն ցեխի մեջ են գլորվում, բայց ոչինչ չեն զգում, այսօրվա պատահածը վաղը մոռանում են... Դարձյալ ուրախ, դարձյալ անհոգ գործում են, աշխատում են, ամենևին չմտածելով, թե ում համար են աշխատում, կամ ուրախ լինելու ի՞նչ բան ունեն։

— Թոմաս էֆենդին,- առաջ տարավ նա,— շատ լավ է ճանաչել