Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջան, դու ի՞նչու էիր սպանում քեզ..․ դու ի՞նչով էիր մեղավոր..․ թոդ աստված պատժե անզգամին»..․

Վարդանը իր ընկերների հետ հասկացան, որ մանկահասակ աղջկա վարմունքի մեջ թաքնված էր մի գաղտնիք։ Բայց գաղտնիքը լուծել դժվար եղավ, որովհետև Սուսանը ոչինչ չհայտնեց նրանց, և տան մեջ, բացի նրանցից և երկու փոքրիկ երեխաներից, ուրիշ ոչ ոք չկար։ Հայրապետը ծանոթ էր այդ ընտանիքի տղամարդի հետ։ Սուսանի ամուսինը՝ վարպետ Պետրոսը շատ անգամ գալիս էր ծերունի Խաչոյի տունը և նորոգում էր նրա երկրագործական անոթները։ Բայց նրա կնոջը Հայրապետը առաջին անգամն էր տեսնում։ Եվ եթե շատ անգամ ևս տեսած լիներ, և մինչև անգամ ծանոթ լիներ, դարձյալ գյուղացու կինը օտար մարդու հետ համարձակ չէր խոսում։ Նա միայն օրհնեց և շնորհակալություն հայտնեց, որ օգնեցին իրան, և խնդրեց, որ իր ամուսնին կանչել տան։

— Ո՞րտեղ է նա,- հարցրեց Հայրապետը։

— Այս մոտիկ գյուղում,- պատասխանեց կինը,— գնացել է անելու։

Նրանք կամենում էին դուրս գալ, որ մի մարդ գտնեն, ուղարկեն վարպետ Պետրոսին կանչելու։ Նույն միջոցին Վառվառեն աչքերը բաց արավ և ջուր խնդրեց։ Սուսանը իսկույն ջուր տվեց, որից բավական խմեց նա։ Աղջկա կապտագույն դեմքը այժմ գունաթափվել էր և աչքերի մեջ երևում էր կարմրություն, որը առաջ էր եկել արյան բորբոքումից։ Նա կրկին իր գլուխը դրեց բարձի վրա և վերմակը քաշեց երեսին։ Վերմակի տակից լսելի էր լինում նրա խուլ հեկեկանքը... Լացի այդ տխուր և դառն ձայնը, որքան և սրտաճմլիկ լիներ, այսուամենայնիվ, ուրախացրեց Վարդանին և նրա ընկերներին։ Նրանք այժմ մտածում էին, որ աղջկա կյանքը ազատված է։

Դրսում նրանք գտան մի տղա, որին մի քանի սև փող տալով, ուղարկեցին վարպետ Պետրոսին կանչելու։ Դրացի Օհոն դեռ կանգնած էր իր դռան մոտ: Նա կրկին հրավիրեց Վարդանին իր ընկերների հետ, որ հյուր լինեն, ասելով.

— Հեր օրհնածներ, ո՞ւր եք գնում այդ մութ գիշերին: Ա՞խ, թե գիտենայիք, երեկ գիշեր ի՛նչ քեֆ ունեինք,- ավելացրեց նա,— այս գիշեր էլ մի բան կսարքենք։

— Ի՞նչ քեֆ,- հարցրեց Հայրապետը։

Դրացի Օհոն խիստ ոգևորված սկսեց պատմել, թե Թոմաս էֆենդին հյուր էր վարպետ Պետրոսի տանը, ինքն ևս այնտեղ