Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մյուսը՝ սիրած ընկերը։ Երկուսն էլ կարոտ էին օգնության, երկուսի կյանքն էլ վտանգի մեջ էր։

Քուրդ բեկից Լալային սպառնացող դժբախտությունը դեռ Վարդանին պարզապես հայտնի չէր։ Բայց նա գիտեր, թե Թոմաս էֆենդին որպիսի թակարդներ է լարում նրա առջև։ Նա գիտեր, որ այդ անբարոյական նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն դնել սովոր չէ։

Փոքրիկ տաղավարի մեջ տիրեց առժամանակյա լռություն: Նույնպիսի մի մտածություն այն րոպեում զբաղեցնում էր Հայրապետին։ Նրան հայտնի էր Լալայի և Վարդանի սերը. նա իր քույրը նշանակել էր այդ երիտասարդի համար։ Այժմ Վարդանը գնում էր, գնում էր իր ընկերին ազատելու համար։ Կամ կսպանվեր և կամ կխլեր նրան թուրքերի ձեռքից։ Երկու դեպքում ևս նա կկորցներ Լալային։ Գուցե մինչև նրա վերադարձը քուրդ բեկը հափշտակած և տարած կլիներ Լալային։ Եվ Վարդանը, երևի, չգիտեր այդ և չէր էլ կարող գիտենալ, որովհետև նրան դեռ չէին հայտնել քուրդ բեկի դիտավորությունները։ Ի՞նչու այդ բոլորը չասել Վարդանին։ Բայց ի՞նչպես ասել։ Վարդանը մինչև այն օրը ծերունի Խաչոյի ընտանիքից ոչ ոքի դեռ չէր հայտնել, թե սիրում է Լալային և ցանկանում է, որ նա իր կինը լինի։ Այդ գաղտնիքը գիտեր Սառան միայն, այն ևս պատահմամբ։ Իրերի հանկարծակի մինը մյուսի ետևից փոփոխությունը ժամանակ չտվեց Վարդանին իր սիրտը բաց անելու։ Այժմ մի նոր և վտանգավոր ձեռնարկություն բոլորովին բաժանում էր նրան Լալայից։ Այժմ միանգամից ոչնչանում էին Հայրապետի հույսերը, թե Վարդանը կազատեր իր քրոջը և կվերառներ, կտաներ մի հեռու երկիր, ուր քուրդ բռնակալի ձեռքը այլևս չէր հասնի։

Մյուս կողմից, պարոն Սալմանի կորուստը ոչ սակավ տանջում էր Հայրապետին։ Նա այդ անձնվեր երիտասարդին սիրեց, համակրեց ավելի քան թե Վարդանը։ Այժմ թողնել նրան թուրքերի ձեռքում, որ բանտերի խավարի մեջ մաշեն, տրորեն և սպանեն նրան,— այդ նույնպես անգթություն կլիներ։ Եվ այդ անգթությունը ավելի խիստ և ավելի դառն էր թվում Հայրապետին, գլխավորապես այն պատճառով, որ ինքը պետք է առիթ տար Վարդանին ետ մնալու իր ձեռնարկությունից, որ ինքը պետք է խափաներ նրա բարի նպատակը պարոն Սալմանին ազատելու համար, երբ հայտնելու լիներ, թե որպիսի վիճակ է սպասում իր քրոջը քուրդ բեկի կողմից։