Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնպես կսարքե, որ Լալան այդ հրեշի կինը կլինի։ Ի՞նչ կլինի այնուհետև խեղճ Լալայի վիճակը։

Հայրապետը պատասխանեց, թե Լալան բոլորը պատմել էր իր կնոջը՝ Սառային և կինը հաղորդել էր իրան, և ինքը վաղուց գիտեր նրանց հոգեկան հարաբերությունները։ Եվ ինքը, և գուցե իր բոլոր եղբայրները շատ ուրախ կլինեին, եթե Վարդանը կշտապեր օր առաջ փախցնել և տանել Լալային։

— Ոչ թէ էֆենդու պատճառով,— ավելացրեց նա,— բայց կա մի ուրիշ և ավելի անհրաժեշտ պատճառ, որ ստիպում է շուտով հեռացնել Լալային մեր երկրից...

— Ուրիշ ի՞նչ պատճառ կա, — հարցրեց Վարդանը, և նրա աչքերը վառվեցան սրտի բարկությունից։

Հայրապետը մանրամասնորեն պատմեց քուրդ բեկի դիտավորությունը, պատմեց նրա տիկնոջ Խուրշիդի ընդդիմադրությունը իր ամուսնի կյանքի դեմ, պատմեց, թե ի՞նչ միջոցով Խուրշիդը հայտնեց Սառային բեկի նպատակը և խորհուրդ տվեց հեռացնել Լալային այդ երկրից,— մի խոսքով, Հայրապետը ասաց այն ամենը, ինչ որ մինչև այնօր կատարվել էր Լալայի վերաբերությամբ, և ինչ որ դեռ Վարդանին անհայտ էր։

Խորին դառնությամբ լսում էր Վարդանը Հայրապետի պատմությունը և նրա խոսքերը թունավոր նետերի նման ծակոտում էին խեղճ երիտասարդի սիրտը։

— Եվ դուք այդ ամենը գիտեի՞ք և ծածկում էիք ինձանից,— ասաց նա սաստիկ վրդովմունքով,— և դուք սպասում էիք, մինչև քուրդը գա, և օր-ցերեկով ձեր քույրը հոր տնից հափշտակե ու տանե, և դուք աչքերդ բաց-բաց մտիկ տայիք, թե որպես են անպատվում ձեզ...

Այժմ Վարդանը հասկանում էր Լալայի այն տխուր և հուսահատական խոսքերի իմաստը, որ մինչև այն օր մնացել էր իր համար առանց բացատրության, հասկանում էր, թե ի՞նչու Լալան այն մութ գիշերային պահուն, երբ առաջին անգամ հանդիպեցավ իր հետ իր հոր տան պարտեզի մեջ, երբ պետք էր համբույրներով քաղցրացնել առանձնության ժամերը, երբ պետք էր սիրո և անսահման երջանկության վրա խոսել,— նա իր գեղեցիկ աչքերից արտասուք էր թափում, և օրհասական խռովության մեջ ասում էր այդ խոսքերը. «Ես Սոնայի մոտ չեմ գնա..․ ես վախենում եմ գերեզմանից... վախենում եմ քրդերից... ազատիր ինձ և տար մի ուրիշ երկիր»... Ուրեմն նա գիտեր, թե ինչ դառն վիճակ է սպասում իրան, և խորին