Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէր գնում, որ ատում էր ստրկական խոնարհությունը, որ չէր սիրում իր հալածողի ոտները լիզել...

— Բայց դու ո՞ւր գնացիր նրանից հետո և ի՞նչ էիր շինում, հարցրեց վշտացած հայրը:

— Ես այնուհետև դարձա մի թափառական որսորդ: Բայց անասուններ սպանելու և մարդիկ մորթելու մեջ մի քայլ միայն կա, որդիդ հետո դարձավ ավազակ և սկսեց մարդիկ կոտորել... Եվ ինչո՞ւ չկոտորեի, ինո՞ւ չհափշտակեի, երբ տեսնում էի, այն մարդիկը, որ նույնն են գործում, ավելի բախտավոր են, ավելի հարգելի են։ Եվ որ ընդհակառակն, տեսնում էի, այն մարդիկը, որ բարի են, որ մի մրջիմ անգամ սպանելու սիրտ չունեն, որ ավազակ չեն, նրանք թշվառ են, և ո՛չ իրանց ընտանիքի, և ո՛չ իրանց կայքի, և ո՛չ իրանց գլուխների տերը չեն...։

Երիտասարդը լռեց և փոքր ինչ շունչ առնելուց հետո դարձյալ շարունակեց.

— Տեսնում ես, հա՛յր, դու էլ բարի մարդ էիր, գառան պես խոնարհ էիր դու, բայց քո բարությունը քեզ չօգնեց։ Եվ այդ քահանաները, որ բարձրացած են ձողերի գլխին, և այդ դիակները, որ ընկած են նրա շուրջը, բոլորն էլ բարի մարդիկ էին. ես ճանաչում եմ նրանց...: Չարի առջև ընկան, բարությունը չօգնեց նրանց...։ Չարի հետ պետք է չար լինել, բարիի հետ բարի. այս է պահանջում անարդար մարդկությունը...:

— Մի՛ տանջիր ինձ, որդի. թո՛ղ հանգիստ մեռնի անբախտ հայրդ,— ասաց ծերունին նվազած ձայնով։— Քո լեզուն ավելի խոր է խոցում իմ վերքը, քան քուրդի նիզակը...։

— Ո՛չ, դու հանգիստ մեռնել չե՜ս կարող։ Նա չէ կարող հանգիստ մեռնել, որ հանգիստ չէ ապրել։ Հանգստությունը մեզ համար չէ, ո՛չ մեր խրճիթներում և ո՛չ գերեզմանի խորքում...։

— Դու գնացի՞ր, տեսա՞ր մեր խրճիթը,— հարցրեց հայրը։

— Տեսա, այրվում էր նա։

— Իսկ մա՞յրդ... քույրե՞րդ... եղբա՞յրդ...։

— Ոչ ոք չկար, գյուղումը միայն դիակներ գտա։

— Եվ չշտապեցի՜ր մի օր առաջ ձեռք հասցնել անօգնական հորը և ազատել նրա ընտանիքը։

— Ես դրա վրա չէի մտածում, թեև գիտեի, որ այս երկիրը այս օրերում կրակի և սրի կերակուր պիտի դառնա։ Եվ ինչ կարող էի անել ես․ մի ձեռքը բյուրավոր ձեռքերի դեմ ոչինչ անել չէ կարող։ Եվ ո՞վ կարող է օգնել մի ժողովրդի, որ ինքն իր