Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրան մի քանի ժամ առաջ թափառական չարչու ցնցոտիների մեջ։ Ինքը՝ Վարդանը հազիվ կարողացավ ճանաչել նրան իր այժմյան նոր կերպարանափոխության մեջ։ Նա կրում էր լազերի ազգային համազգեստ և կատարելապես զինված էր։

— Ես ձեզ մոտ երկար մնալ չեմ կարող,— ասաց նա շտապելով,— ձեզ հայտնի է, որ մեր «դուդուկջին» ընկավ ծուղակի մեջ, պետք է ազատել նրան։

— Մենք էլ հենց այդ մասին էինք խոսում,— պատասխանեց Վարդանը։

— Դուք նրա մասին միամիտ կացեք, նա էգուց կամ մյուս օրը ազատված կլինի,— ասաց նա կանգնելով։ — Դուք միայն շարունակեցեք մեր ընդհանուր գործը։ Առայժմ բարի գիշեր։

— Դուք մենա՞կ եք գնում։

— Ոչ իմ ընկերները այնտեղ սպասում են։

Նա ձեռքը պարզեց դեպի քեռան կողմը, ուր գիշերային խավարի միջից աղոտ կերպով երևում էին մի խումբ ձիավորներ։

— Ովքե՞ր են նրանք, — հարցրեց Վարդանը։

— Մի քանի լեռնցի երիտասարդներ։ Ցտեսություն։

Վարդանը կամենում էր մի քանի բաներ ևս հարցնել, բայց նա հեռացել էր արդեն։

Հայրապետը և Ապոն բոլորովին ապշած մնացին։ Նրանք դեռ չգիտեին այդ գաղտնածածուկ անձնավորության ով կամ ինչ տեսակ մարդ լինելը։ Վարդանը հաղորդեց ինչ տեղեկություններ որ ուներ նրա մասին, և երկու եղբայրները այժմ համոզված էին, որ այդ հնարագետ մարդը կարող էր ազատել պարոն Սալմանին։

Նրանք վեր կացան և սկսեցին դիմել դեպի տուն։ Բայց Սաքոն և Եղոն՝ Վարդանի երկու ծառաները, որոնք ծերունի Խաշոյի խորհրդով ուղարկված էին, որ Վարդանին և իր ոգիներին զգուշացնեն, որպեսզի նրանք տուն չվերադառնան,— Վարդանի այդ հավատարիմ արբանյակները, թեև ամբողջ օրը որոնեցին նրանց, բայց գտնել չկարողացան, որ հայտնեին, թե ի՞նչ էր սպասում նրանց ծերունի Խաշոյի տան մեջ։

— Եղո, — ասաց նրան իր ընկեր Սաքոն,— բանը վատ է, մենք պետք է աշխատենք չբռնվել, որ եթե աղային մի բան պատահելու լինի, կարողանանք վրա տալ։

— Ես էլ այսպես եմ մտածում, — պատասխանեց Եղոն։

Երկու ընկերները վճռեցին հեռվից հսկել Վարդանի վրա և իրանց հեռու պահել ծերունու տնից։