տարան օդան, հիսնապետի մոտ։ Թոմաս էֆենդին այնտեղ չէր։ Նա իր կարգադրությունները կատարելուց հետո, հեռացել էր, և այս գիշեր, որպես հյուր, գտնվում էր գյուղի քահանայի տանը։ Օդայի մեջ, բացի ծերունի Խաչոյից և հիսնապետից, ուրիշ մարդ չկար, միայն մի քանի զինվորներ կանգնած էին դռանը։ Վարդանը, ներս մտնելով անցավ և նստեց տանուտերի մոտ, առանց սպասելու, որ թուրք աստիճանավորը նրան թույլ տար նստելու։ Հայրապետը և Ապոն մնացին ոտի վրա։
Վարդանի վարմունքը հիսնապետին ծանր երևեցավ և նա բավական արհամարհական կերպով հարցրեց նրանից․
— Դուք ո՞րտեղացի եք, հայ։
«Հայ» բառը գործ դրեց նախատական մտքով։
— Ռուսաստանցի,—պատասխանեց Վարդանը զսպելով իր վրդովմունքը։
— Ի՞նչ գործով եք եկել այստեղ։
— Առևտուր եմ անում այս կողմերում։
— Անցագիր ունե՞ք։
— Ունեի, բայց կորցրել եմ։
— Այդ հեշտ է ստուգել, դուք միայն ասացեք, թե սահմանագլխի ո՞ր մաքսատնից և երբ անցաք, մենք կհարցնենք, այնտեղ ձեր անցագրի համարը և անունը գրված կլինի։
— Ես կանտրաբանտիստ եմ, այս արհեստով պարապող մարդիկ մաքսատան չեն մոտենում։ Այն էլ կասեմ, որ ես հենց առաջուց անցագիր չունեի։
— Այդ գուցե ձեզ կներվեր, եթե դուք միայն կանտրաբանտիստ լինեիք, բայց դուք մեղադրվում եք մի ուրիշ հանցանքով ևս։
— Ի՞նչով։
— Դուք լրտես եք։
— Ուղիղ է․․․ երևի, Թոմաս էֆենդին է հա հաղորդել ձեզ... իսկապես նա շատ ճշմարտախոս մարդ է․․․— ասաց Վարդանը հեգնական եղանակով։
— Այդ միևնույն է, թե ով է հաղորդել,— պատասխանեց հիսնապետը, պահպանելով պաշտոնական մարդու սառնասրտությունը.— կասկածավոր մարդիկ, մանավանդ այս պատերազմական ժամանակներում, մենք մեր երկրում չենք թողնում։ Ձեզ այս գիշեր կպահեն այստեղ և առավոտյան կտանեն զինվորական գործակատարի մոտ։ Նա կկարգադրե ձեր վիճակը։