Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վարդանը, կարծես, հանգիստ էր: Նրա հանգստությունը նմանում էր մրրկածուփ ծովի խաղաղությանը, որ տիրում է ալեկոծությունից հետո։

— Ես ձեզ մի առակով կբացատրեմ բոլորը,— ասաց նա իր բանտակիցներին.— անտառի ծառերը լուր տարան իրանց թագավորին, ասելով, թե հայտնվել է մի գործիք, որ մեզ անխնա կոտորում է։— «Ի՞նչպես է կոչվում այդ գործիքը»,— հարցրեց թագավորը։— «Տապար»,— պատասխանեցին ծառերը։— «Ի՞նչպես է կազմված նա»,— հարցրեց թագավորը։— «Գլուխը երկաթից է, բայց կոթը փայտից»,— պատասխանեցին ծառերը։— «Դա շատ վտանգավոր գործիք է,— պատասխանեց թագավորը,— երբ կոթը մեզանից է...»։

— Կո՛թը մեզանից է...— կրկնեց Վարդանը շեշտելով առաջին բառը։— Մեզ հարստահարող, մեզ տանջող, մեզ ստրկացնող, մեզ ոչնչացնող, և մեր տունը քանդող գործիքի կոթը մեզանից՝ հայերիցս է։ Թոմաս էֆենդիները, սկսյալ գյուղական մուլթեզիմից մինչև Բարձր Դռան հայ ամիրան, այս տեսակ կոթեր են մեր թշնամիների ձեռքում։ Հայոց պատմության մեջ երբեք պակաս չեն եղել այս չար և վնասակար կոթերը։ Ուր կտեսնեք հայրենիքը և ազգը օտարի ձեռքը մատնելը - այնտեղ խառն է եղել հայի մատը։ Ուր կտեսնեք հայ թագավորի գահընկեցությունը և նրա գավազանը օտարի ձեռքը հանձնելը — այնտեղ խառն է եղել հայի մատը։ Ուր կտեսնեք հայ թագավորի դեպի աքսոր մատնություն և նրա մայրաքաղաքի դռները թշնամու առջև բաց անելը,— այնտեղ խառն է եղել հայի մատը։ Ուր կտեսնեք հայրենի հողը հայի արյունով ներկված, նրա բնակությունները կրակով ոչնչացրած և նրա զավակները գերի տարված,— այնտեղ խառն է եղել հտյի մատը։ Ուր կտեսնեք կրոնի, ազգության և սուրբ եկեղեցու դավաճանություն,— այնտեղ խառն է եղել հայի մատը։ Մի խոսքով, ամեն թշվառությունների մեջ, ամեն հալածանքների մեջ, և մեր թշնամիներից կրած ամեն տեսակ եղեռնագործությունների և բարբարոսությունների մեջ միշտ գործել է հայի տապարը։ Հայը ինքն է փորել իր ազգային շինվածքի հիմքը և ինքն իր ձեռքով է կործանել իր սուրբ և նվիրական հաստատությունները... Ի՞նչու ենք մեղադրում օտարներին։

Ապոն և Հայրապետը խորին տխրությամբ լսում էին Վարդանի խոսքերը, վերջինը հարցրեց.

— Ուրեմն մեր բոլոր հույսերը ոչնչացան... ուրեմն մեր շինվածքը