Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեռ իր հիմքի մեջ, դեռ կատար չհասած, կործանվեցավ...

— Ես, կարծես, մարգարեի հոգով նախագուշակում էի, որ այսպես կվերջանա, և մի ուրիշ վախճան սպասելը՝ հիմարություն կլիներ,- պատասխանեց Վարդանը։ - Ինքը՝ պարոն Սալմանը նույնպես երկբայության մեջ էր, և հազիվ հավատում էր իր սկսած գործին։ Ես բառ առ բառ հիշում եմ նրա հուսահատական խոսքերը, երբ մի անգամ այդ եռանդով լի երիտասարդը ասում էր ինձ.- «Երբ որևիցե ժողովրդական շարժման գաղափարը մի քանի անհատների երևակայության ցնորք է միայն, և տակավին չէ ընդհանրացել, չէ տարրացել ամբոխի գոնե մի մասի մեջ - մի հարվածով կարելի է ոչնչացնել բոլորը, երբ առաջնորդող անձինքը ոչնչացրած կլինեն։ Բայց ամբոխը ուրիշ բան է. ամբոխի մեջ միտքը սպանել անհնարին է»։

— «Մենք,- ասում էր նա,— այժմ միայն սերմնացանի պաշտոն պիտի կատարենք, բայց ոչ հնձողի։ Հունձքը պիտի թողնենք ապագա սերունդին»։ Եվ այդ էր պատճառը, որ վերջին օրերում նա ձեռնարկեց կառուցանել ավելի հաստատուն, ավելի նպատակահարմար հիմնարկություններ, որպես էին դպրոցները։ Պարոն Սալման ի գործունեությունը ապստամբական նպատակ չուներ։ Նա կրում էր ավելի հեղափոխական բնավորություն, որ հետո ստացավ բոլորովին նախապատրաստական կերպարանք։ Մի անգամ դիմեց նա ինձ մի առանձին ուրախ ժպիտով, որ երբեք չէի նկատել նրա միշտ սառն դեմքի վրա։ «Վարդան, — ասաց նա,— մենք որ հանձն ենք առել ժողովուրդ կրթելու գործը, դեռևս ինքներս անկիրթ ենք, դեռևս շատ բան պիտի սովորենք նույն իսկ ժողովրդից: Ժողովուրդը մի մեծ վարժապետ է։ Նրա մի հատիկ առածի մեջ անհուն փիլիսոփայություն կա։ Լսիր,- ասաց նա,- թե ինչպես է ժողովուրդը արտահայտում իր հարաբերության պայմանները թուրքերի հետ. «Շան հետ հաշտ եղիր, բայց փայտը ձեռքիցդ բաց մի՛ թող»։ Եվ արդարև, այդ առածի մեջ բովանդակվում են գլխավոր պայմանները, թե որպես պետք էր վարվել մահմեդականների հետ։ Նրանք կծոտողներ են, նրանց ատամներից չվիրավորվելու համար, պետք է միշտ փայտը ձեռքում պատրաստ ունենալ: Եվ այդ էր պատճառը, որ պարոն Սալմանը աշխատում էր զինվորել ժողովուրդը և նրան պաշտպանողական դիրքի մեջ դնել։

Հայրապետը և Ապոն խորին ուշադրությամբ լսում էին։ Նրանք, կարծես, մոռացել էին իրանց սեփական ցավը, մոռացել էին այն դառն վիճակը, որ առավոտյան սպասում էր իրանց, և