այժմ մտածում էին մի ընդհանուր ցավի վրա։ Նրանք շատ անգամ լսել էին պարոն Սալմանից նույնպիսի մտքեր, բայց մինչև այսօր այնպես պարզ չէին ըմբռնում նրանց իմաստը, որպես այժմ։
Բանտը, կարծես, ոգևորել էր Վարդանին: Նա խոսում էր առանց լռելու։ Նա իր կյանքում շատ անգամ բանտ էր մտել և դուրս եկել, բայց բանտը միշտ տխուր տպավորություն էր թողել նրա վրա։ Իսկ այժմ զգում էի մի տեսակ բավականություն։ Նա նմանում էր մի դատապարտյալի, որ մահվան սյունի վրա, խորին արհամարհանքով նայում է դեպի անարդար աշխարհը և ծիծաղում է չար մարդերի թեթևամտության վրա, իր մտքի մեջ ասելով. «Ահա՛ ձեր բոլոր ուժը, դրանից ավելի էլ ի՞նչ կարող եք անել... դուք սպանում եք իմ մարմինը, բայց չեք կարող սպանել իմ սերմանած մտքերը...։»
— «Շան հետ հաշտ եղի՛ր, բայց փայտը ձեռքիցդ բաց մի՛ թող»...— հառաջ տարավ Վարդանը: — Այդ ուղիղ է։ Կենսական պայմանների այդ դրությունը ծնում է հրեշներ՝ ինձ նման հրեշներ... Դուք, բարեկամներ, երևի, դեռ այնքան չեք ճանաչել ինձ, որպես եմ ես իսկապես։ Բայց որովհետև, գուցե այդ վերջին գիշերը կլինի, որ կարող եմ խոսել ձեզ հետ, ուրեմն լսեցեք։ Ես այն մարդերից եմ, որ շատ վաղ սովորեցի չարը չարով վճարել։ Իմ ձեռքերը շատ անգամ շաղախված են եղել արյունով, բայց ոչ երբեք մի անմեղ արյունով։ Ես մի ժամանակ կրոնավոր էի և հին կտակարանից այսքանը միայն սովորեցա «ակն ընդ ական»։ Երբ կարդացի, որ Մովսեսը, Եհովայի մարգարեն, ազգասիրությունից դրդված սպանեց հրեային հալածող եգիպտացուն և նրա մարմինը ծածկեց Նեղոսի ավազների մեջ, իմ սիրտը լցվեցավ մի անսահման ատելությամբ դեպի այն ազգերը, որ նույնպես հալածում են հայերին։ Երբ կարդացի, որ Մովսեսը, Եհովայի մարգարեն, ամբողջ ցեղեր ոչնչացրեց, մինչև կարողացավ ուխտյալ երկիրը մաքրել օտարներից և Իսրայելի որդիներին բնակեցնել նրանը տեղը, ես մտածեցի, թե նույնպես պետք է վարվել թուրքերի, քրդերի և չերքեզների հետ, որոնք բռնացել են մեր հայրերից մեզ մնացած ժառանգության վրա։ Դա բնության միևնույն օրենքն է, որ պարոն Սալմանը բացատրում էր բույսերի օրինակով։ Բույսերի մի տեսակը ճնշում է, խեղդում է, ոչնչացնում է մի ուրիշ տեսակին, և ինքը բռնում է նրա տեղը։ Եթե չենք ցանկանում, որ գոյության այդ կռվի մեջ ոչնչանանք, պետք է ընդդիմադրության ուժ և ընդունակություն ունենանք, և այդ հատկությունը կոչվում է