Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պաշտպանություն: Պարոն Սալմանի գլխավոր նպատակը այն էր, որ ժողովրդի մեջ զարգացնի այդ հատկությունը։

— Ես վաղօրոք սեփականեցի ալդ հատկությունը։ Գուցե բարոյագետը կանվանե ինձ անբարոյական, եղեռնագործ, գազան, գուցե քահանան մեղավոր կհամարե ինձ, բայց փույթ չէ, ես պետք է վարվեմ այնպես, ինչ որ պահանջում է կյանքը։ Իսկ երբ մարդիկ կդադարեն չար լինելուց, երբ խաղաղությունը և քրիստոնեական եղբայրասիրությունը կթագավորեն աշխարհի վրա, ես պատրաստ եմ լինել ամենաբարին և համբուրվել իմ թշնամիների հետ...

Այսպես դեռ երկար խոսում էին նրանք, մինչև ճրագի մեջ վառված եղը սպառվեցավ, մի քանի րոպե պլպլաց, ծխրտաց և ապա հանգավ։ Բանտի մեջ տիրեց մթին խավարը։

ԼԱ

Միևնույն գիշերը, երբ Վարդանը, Հայրապետը և Ապոն բանտի մեջ փիլիսոփայություններ էին անում, խորհում էին դժբախտ հայրենիքի դժբախտ ժողովրդի մասին,— Թոմաս էֆենդին գտնվում էր գյուղի քահանայի՝ տեր-Մարուքի տան մեջ, և ընթրիքից հետո ուրախ, զվարթ, շատախոսում էր և հանաքներ էր անում տերտերի հետ:

Դա միևնույն տերտերն էր, որ այնքան հոգսեր պատճառեց պարոն Սալմանին, իսկ այժմ լսելով նրա կորուստը, ցավում էր, ոչ այն պատճառով, որ ասպարեզից պիտի անհետանար մի նշանավոր գործիչ, այլ առհասարակ հայի կորուստը ցավալի էր նրա համար։ Տեր հայրը չար մարդ չէր, և եթե նա ընդդիմություն էր գործում, կամենում էր խանգարել պարոն Սալմանի դպրոցների գործը,— այդ դարձյալ նրա բարի ցանկութլուններիցն էր առաջ գալիս, որովհետև վնասակար էր համարում։

Նա մի ժամանակ հասարակ գյուղացի էր, փոքրիշատե գրել- կարդալ սովորել էր իր մանկության ժամանակ ս. Հովհաննու վանքում։ Գյուղատնտեսության մեջ նրան չհաջողվեցավ, աղքատացավ և գնաց օտար երկիր բախտ որոնելու։ Պանդխտության մեջ նույնպես չհաջողվեցավ նրան. մի ժամանակ Վան քաղաքում դահվեջի էր, գործերը վատ գնացին, վնասվեցավ, և առանց մի փարա վաստակելու