Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեոքովն է սրում թչշնամու սուրը։ Ավելի քան բռնակալը, մենք ինքներս մեզ համար պատրաստեցինք ստրկության շղթաները... նրանց դարբնեցին մեր պապերը և կաշկանդեցին զավակներին...։ Եվ թո՛ղ անիծյա՜լ լինին նրանք... որ խլեցին մեզանից ամեն մի երկաթի կտոր և մի դանակ էլ չթողեցին մեզ մոտ...։ Եվ թո՛ղ անիծյա՜լ լինին նրանք, որ խլեցին մեզնից մեր սիրտը և նրա տեղը մի կտոր մեռած միս դրեցին...։ Եվ թո՛ղ անիծյա՜լ լինին նրանք, որ սովորեցրին մեզ բարի լինել, հնազանդ լինել, համբերող լինել...։

Այսպես անագորույն որդին կարդում էր իր սարսափելի անեծքները ողորմելի հոր գլխին, այսպես նզովում էր նա պապերի սուրբ հիշատակը, մի այնպիսի րոպեում, երբ ծերունին մարելու վրա էր: Այսպես մի չար դևի նման, կարծես աշխատում էր խլել նրանից իր վերջին շունչը, նրանից, որ իրան շունչ և կյանք էր տվել։

— Բավական է,— խոսեց ծերունին մեծ դժվարությամբ։— Դու եկար մեր գլխին անեծքներ թափելու։

— Ո՛չ, ես դրա համար չեկա։ Մեր հայրերը այդ պատվին էլ արժան չեն։ Ինձ քաշեց դեպի հայրենիքը մի սիրտ, որը սիրում էր ինձ։ Ես եկա նրան ազատելու։ Հորից, մորից և ազգականներից անարգված որդուն սիրում էր նա։ Նա սիրում էր ավազակին, որից դժողքը սարսափում է. նա սիրում էր եղեռնագործին, որին հրեշտակները և սատանաները ատում են։ Ես եկա նրան փրկելու...։

Ծերունու գլուխը կրկին թեքվեցավ որդու բազուկների վրա, և նա վերջին խոսքերը չլսեց։ «Դու անիծեցիր, բայց ես օրհնում եմ քեզ»...— ասաց նա և աչքերը փակվեցան։ Բայց շրթունքները դեռ շարժվում էին. և նա մրմնջում էր աղոթքի նման մի բան, որ վերջացրուց այս խոսքերով. «Աստված, ների՜ր որդուս»...։

Այդ նրա վերջին խոսքն եղավ։

Երիտասարդը երկար բաց չէր թողնում հոր անշնչացած մարմինը իր գրկից, երկար նրա աչքերից արտասուքը թափվում էր ծերունու ձյունի պես սպիտակ, բայց արյունով ներկված ալիքների վրա։ Այդ երկրորդ արտասուքն էր, որ թափում էր նա սիրելի հայրենյաց հողի վրա ոտք կոխելեն հետո։

Երբ բոլորովին հանգստացած էր ծերունին, նա վեր առավ մարմինը և այնպես արյունաթաթախ դրեց մի փոսի մեջ. հետո իր դաշույնի ծայրով փորեց հողը, ծածկեց նրան։ Եվ ապա մոտավոր