Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Այս էջը հաստատված է

Եվ այսպես, մինը մյուսի ետևից գրված էր մի ահագին պատմություն։ Դա իսկապես հաշիվ չէր, այլ տեր հոր քահանայական գործունեության մի քանի տարվա ժամանակագրությունն էր, թեև խառնափնթոր կերպով նկարագրված, բայց բովանդակում էր իր մեջ բավական փաստեր, թե ինչով է զբաղվում գյուղական տերտերը։

- Օրինավոր հաշիվ է,-ասաց էֆենդին, ընդհատելով և չկարողանալով համբերել, մինչև տիրացուն կվերջացներ բոլորի «ընթերցանությունը»։- Դուք, տեր հայր, հանձնեցեք այդ թուղթը ինձ, ես բոլորը հավաքել կտամ։ Ն... շենի գյուղացիներն էլ վանքի «պտուղը» ուշացնում էին, իր ժամանակին չէին տալիս, վարդապետը մի նամակ դրեց ինձ, ես բոլորը մի օրվա մեջ հավաքել տվեցի, հետո վանքից օրհնության գիր ստացա։

Տերտերը այնքան բնական էր համարում այդ միջոցով իր ապառիկները հավաքելը, որ ոչ միայն համաձայնվեցավ էֆենդու առաջարկության, այլ կրկին շնորհակալություն հայտնեց և կրկին սկսեց օրհնել նրա թանկագին կյանքը։

Բայց ի՞նչու էֆենդին հանձն առեց կատարել այս ծառայությունը։ Նա այն տեսակ մարդերից էր, որ առանց նպատակի, առանց իր սեփական շահերի, ոչ ոքին լավություն չէր անի։ Այժմ ի՞նչն ստիպեց նրան այնքան բարի լինել, որ մինչև անգամ խոստացավ հավաքած գումարից տասանորդ չվեր առնել, որ սովորաբար ստացվում էր, երբ որևիցե գումար վճարվում էր կառավարության պաշտոնյաների հրամանով։

- Հայր Աբրահամի օրհնությունը թող ձեղ վրա լինի, զորանաք,- ասաց քահանան, լսելով էֆենդու վերջին խոստմունքը։

Ապառիկների մի այնպիսի ցուցակ էլ տիրացու Սիմոնի ծոցումն էր պահված, նա էլ իր աշակերտներից ստանալիքներ ուներ, և մտածում էր հաշիվը ներկայացնել էֆենդուն։ Բայց տերտերը նրա ականջին ասաց, «Թող իմը հավաքվի, քոնը հետո»։

Տեր-Մարուքի ընտանիքը շատ փոքր էր թվով. նրա միակ որդին վախճանվեցավ, թողնելով իր կինը այրի երկու փոքրիկ երեխաների հետ։ Հարսը ամուսնի մահից հետո էլ մարդու չգնաց, մնաց քահանայի տանը և խնամք էր տանում իր որդիներին։ Ինքը տեր հայրը վաղուց զրկված էր իր տիրուհուց և բոլորովին ամուրի կյանք էր վարում:

Այս գիշեր հարսը, հյուրերին ընթրիք տալուց հետո, զբաղված էր իր զավակով, որ սաստիկ հիվանդ էր։ Նստած նրա մահճի