Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասավ խոսակցության հազիվ լսելի շշնջոց, կարծես, խոսողները բարձրանում էին հարևանի տան սանդուղքներից և չգիտեին որ կողմը պետք էր փախչել:

- Կամաց, Ստեփանիկ...

- Ո՞ւր գնամ, Սառա...

Զուլոն ճանաչեց նրանց։ Նրա երկյուղը փարատվեցավ, նա այժմ բոլորովին այրական սիրտ ստացավ, երբ տեսավ, որ այդ ողորմելիները օգնության կարոտ էին։ Նրան արդեն հայտնի էր ծերունի Խաչոյի տան այնօրվա ցավալի անցքը։ Նա գիտեր, որ նրա գերդաստանի կնիկները այն գիշեր գյուղի զանազան տներում թաքնվում էին։ Իսկ այժմ պտռում էին նրանց, և ի՞նչ նպատակով, -այդ ևս հասկացավ Զուլոն... Ուրեմն փողոցում գտնվող հարևանի դուռը ծեծող թուրքերը, ոչ այլ ոք էին, եթե ոչ ծերունի Խաչոյի որդիներին կալանավորող զինվորներից մի քանիսը։

Սառան և Ստեփանիկը այժմ գտնվում էին տեր հոր կտուրի վրա, և որսորդներից հալածված եղջերուի նման, ամեն կողմից պաշարված, մոլորված, չգիտեին թե դեպի որ կողմը պետք է փախչել։ Անձրևը վերևից թափվում էր։ Գյուղացիների դռները փակ, և իրանք քնած էին։ Գիշերը կեսից վաղուց անցել էր արդեն։

Այդ միջոցին փայլատակեց կայծակը և նրա վայրկենական լուսավորության հաջորդեց որոտման սարսափելի դղրդյունը։ Կայծակի լույսով նկարվեցավ կտուրի վրա կանգնած Զուլոյի անորոշ կերպարանքը։ Ստեփանիկը, տեսնելով նրան, կարծեց, թե թուրքերից մեկը արդեն բարձրացել է կտուրի վրա։ Նա երկյուղից թուլացավ և ընկավ Սառայի կուրծքի վրա։ Զուլոն մոտեցավ նրանց։

- Ես եմ, մի՛ վախեցիր,-ասաց նա։

- Ա՜խ, Զուլո, դո՛ւն ես,-ասաց Սառան դողդողալով.- ի սեր աստուծո, մեզ մի տեղ, հիմա կբռնեն մեզ... հիմա կտանեն մեզ...

Զուլոն մնաց շվարած. որտեղ տանել նրանց, ո՞րտեղ թաքցնել նրանց. իրանց տանը կասկածավոր հյուրեր կային, և տերտերը հազիվ թե կընդուներ այս տեսակ փախստականներին։ Այսուամենայնիվ, մտածում էր Զուլոն, պետք էր օգնել այդ ողորմելիներին։ Նրան հայտնի էր բոլոր անպատվությունը, եթե նրանք թուրքերի ձեռքը կընկնեին։ Մյուս կողմից, նրան սպառնում էր մի ծանր պատասխանատվություն, եթե ինքը թաքստի տեղ կտար այդ հանցավորներին, որոնց հանցանքը նրա մեջն էր միայն, որ կին էին... Այդ բոլորը իմանում էր Զուլոն։ Բայց կարեկցությունը