նրա մեջ գերակշռեց երկյուղի և վարանման զգացմունքին, իսկ մոտալուտ վտանգը ծնեց նրա գլխում փրկության մի միջոց։
- Գնանք,-ասաց նա,-բռնելով Ստեփանիկի ձեռքից, և Սառային օգնելով, երկուսը միասին գրկեցին խեղճ աղջկան, որ տակավին ուշագնացության մեջ էր։
Նրանք սկսեցին ցած իջնել կտուրից։ Այդ միջոցին լսելի եղավ մի սաստիկ շառաչյուն, որ իսկույն խլացավ անձրևի և փոթորկի խռովության մեջ։ Դա հարևանի դռան ձայնն էր, որ խորտակեցին թուրքերը։
Տերտերի տանը կից էր մարագը, բակից մի փոքրիկ դուռ բացվում էր նրա մեջ. Զուլոն տարավ փախստականներին այնտեղ։ Սառան և Ստեփանիկր թաքնվեցան խոտերի մեջ։
-Ես էլի կգամ ձեզ մոտ,-ասաց Զուլոն,- և մարագի դուռը կողպելով, հեռացավ։
Անձրևի ձայնից թե՛ տերտերը և թե՛ նրա հյուրերը Ասեցին, թե ինչ է կատարվում դրսումը։ Իսկ Զուլոն վերադառնալով, նրանց ոչինչ չհայտնեց։ նա միայն մոտեցավ տերտերին և նրա ականջին ասաց, թե հարևանի տանը բոլորը քնած էին, և ոչինչ փոխ առնել չկարողացավ «մազա» պատրաստելու համար։
- Ես մի բան կգտնեմ,- խոսեց տերտերը, և վեր կենալով, մոտեցավ պահարանին, սկսեց քրքրել այնտեղ դրված իրեղենները։
Էֆենդին օգուտ քաղելով քահանայի բացակայությունից, դարձավ դեպի Զուլոն և կամաց ասաց նրան.
- Դու ինքդ «մազա» ես..., «մազան» էլ ի՞նչ կանենք»...
Տիրացու Սիմոնը այնքան խմած էր, որ ոչինչ չլսեց։ Իսկ Զուլոն վշտացած էֆենդու ակնարկությունից, պատասխանեց նրան.
- Լի՛րբ...
Հայ կինը ամեն նեղության համբերող է, ամեն վիրավորանքի առջև լուռ է, բայց երբ դիպչում են նրա պատվին, այն ժամանակ նա անհամբեր է դառնում։ Զուլոն վրդովված գնաց և նստեց իր հիվանդ զավակի մոտ, որ այժմ զարթել էր քնից։ Երեխան հանգիստ էր, և տեսնելով մորը իր մոտ, ասաց նրան.
- Մայրիկ, Թորոսին ծեծիր, իմ ճաները խլում է։
Թորոսը հիվանդի մեծ եղբայրն է. երևի երազի մեջ խլել էր նրա ճաները։ Մայրը հանգստացրուց, ասելով.
- Տե՛ս, աչքիս լույս, Թորոսը ճաներդ տվեց, տե՛ս, այստեղ է։