Մայրը հանեց բարձի տակից երեխայի խաղալիքները և տվեց նրա ձեռքը։ Երեխան սկսեց իր թույլ ձեռքերով խաղալ նրանց հետ։ Մայրը նայում էր նրա վրա և ուրախանում էր։ Նա մոռացավ էֆենդուց կրած վիրավորանքը, նա մոռացավ ամեն բան, որովհետև զավակը այժմ լավ էր զգում իրան։ Բայց մի նոր անախորժություն կրկին վշտացրեց խեղճ մորը։ Տերտերը երկար պտռելով պահարանի մեջ իր թաքցրած բանը չգտավ և Զուլոյից հարցրեց, թե այն տեղ մի կտոր շաքար ուներ պահած, իսկ այժմ չէ երևում։ Հարսը պատասխանեց, թե ինքն է վեր առել. քանի օր առաջ նրանով շերբեթ պատրաստեց հիվանդի համար, որհվհետև սաստիկ տաքություն ուներ և պետք էր մի զովացուցիչ բան խմացնել։
— Թո՛ղ զահրումար խմեր, թող լեղի խմեր...- գոչեց նա բարկացած ձայնով։— Դու չէ՞իր իմանում, որ շաքարը հյուրի համար էր, հիմա ի՞նչ անենք։
Զուլոն ոչինչ չպատասխանեց և լուռ արտասուքը սկսեց թափվել նրա տխուր աչքերից։
Տեր֊Մարուքը իսկապես չարամիտ մարդ չէր, նա մինչև անգամ բարի էր, բայց բարությունը տգետների մեջ երբեմն անգիտակցաբար չարության է փոխվում։ Բացի դրանից, նրա պաշտոնը նրան փոքր ինչ խստասիրտ էր շինել։ Տերտերները, բժիշկները և դահիճները, որոնք խիստ հաճախ գործ ունեն մեռելների հետ, շատ չեն խնայում կյանքին։ Այս պատճառով, իր թոռնիկի հիվանդությունը տեր հորն այնքան չէր հետաքրքրում, որքան գրավում էր նրան հյուրասիրության բաղձանքը, էֆենդու նման մի մարդուն գոհացնելը, մանավանդ որ նա խոստանում էր հավաքել տալ տեր հոր բոլոր ապառիկները։
— Մայրիկ, ի՞նչու ես լացում,- ասաց հիվանդը կարեկցաբար նրա երեսին նայելով,— մի լաց, ես հիմա լավ եմ։
Մայրը մոռացավ իր բոլոր վիշտը և սրբեց աչքերի արտասուքը։ Ոչինչ այնքան մխիթարական չէ, որքան սիրելի զավակի մի քաղցր խոսքը, մի անմեղ թոթովանքը։ Այժմ Զուլոն մտածում էր Սառայի և Ստեփանիկի մասին, մտածում էր, ի՞նչ կլինի, եթե թուրքերը հանկարծ ներս կթափվեն, կորոնեն և կգտնեն նրանց։ Բայց անտանելի հյուրերը տակավին շարունակում էին իրանց արբեցությունը, նա սպասում էր, որ վերջացնեն, որ քնեն, որպեսզի ինքը կարողանա գնալ Սառայի և Ստեփանիկի մոտ։
Բայց պետք էր գոնե գիտենալ, թե ի՞նչով վերջացավ հարեվանի տնում։ Զուլոն համբերել չկարողացավ. այդ միտքը սաստիկ