անհանգստացնում էր նրան։ Նա մի բան պատճառ որոնելով, վեր կացավ, մտավ մի փոքրիկ սենյակ, որին կոչում էին «գաղտիկ» և ծառայում էր որպես պահարան։ Այս սենյակից պատի միջով մի նեղ ծակ բացվում էր ուղիղ հարևանի տան մեջ։ Այսպիսի ծակեր գյուղի համարյա բոլոր տների մեջ կային և վտանգի ժամանակ ծառայում էին որպես գաղտնի հաղորդակցության խողովակներ։ Հարևանի տանը մի բան պատահելիս, ծակից ձայն էին տալիս և լսում էր մյուս հարևանը։ Ավելի մերձավոր կամ բարեկամ տների մեջ այս ծակերը այնքան լայն էին, որ նրանց միջով կարելի էր տալ և տանել փոքրիկ իրեղեններ։ Շատ անգամ վառած ճրագ էին տալիս միմյանց, երբ հարևանի տանը լուցկի չկար։
Զուլոն կանգնած էր ծակի առջև, տեսնում էր տան մի մասը և լսում էր հետևյալ ձայները․
— Կկոտորենք ձեզ, թե ցույց չտաք... ի՞նչ եղան... մեզ ասացին, որ այստեղ են... դուք թաքցրիք... տվեցեք... շուտ արեք... թե չէ ձեր կնիկները կտանենք...— այս սպառնալիքներն էին կարդում թուրքերը։
Հարևան Զաքոն նրանց ոտքերի առջև ընկած աղաչում էր և պաղատում էր, ասելով.
— Աստված, երկինք, գետինք թող վկա լինեն, որ այստեղ չեն... մի սպանեք ինձ... ահա իմ տունը ձեր աոջևն է... ինչ որ ուզում եք, արեցեք...
Այս տեսարանը ներկայացնում էր միևնույն անցքը, որ հին ժամանակներում պատահեցավ Սոդոմի մեջ, երբ քաղաքի սրիկաները մոտեցան Ղովտի տանը և պահանջում էին նրանից, որ տա իրանց ձեռքը իր հյուրերին։ Իսկ բարեսիրտ նահապետը աղաչում էր նրանց, որ հանգիստ թողնեն իր հյուրերին և առաջարկում էր իր աղջիկներին... Բայց Իսրայելի Եհովան խստասիրտ էր և վրեժխնդիր, նա պատմեց մարդկային չարությունը. կրակով և ծծումբով այրեց այդ անբարոյական քաղաքը։ Իսկ Հայաստանի աստվածը տեսնում էր չարությունը, ավելի վատթար, քան թե Սոդոմի մեջ, և անպատիժ էր թողնում չարագործին։
Զուլոն ամբողջ մարմնով դողդողալով, դեռ նայում էր և ականջ էր դնում։ Նա լսեց մի շառաչյուն և տեսավ, որ հարևան Զաքոն գլորվեցավ և ընկավ հատակի վրա... Ճրագրը հանգցրին։ Զուլոն այժմ էլ ոչինչ չէր տեսնում, միայն լսում էր խառնաձայն աղաղակներ։ «Ամա՛ն... վա՛յ... թո՛ղ, տուր... մի՛ սպանի՛ր... ես կմեռնեմ... ո՛ւր ես տանում»․․․