Դրանք հարևան Զաքոյի տան կնիկների և աղջիկների հառաչանքներն էին...
— Լռի՛ր, անզգամ...- լինում էր այդ հառաչանքների պատասխանը։
ԼԲ
Վերադառնալով իր տեղը, Զուլոն գտավ հյուրերին միևնույն դրության մեջ։ Դեռ խմում էին։ Տերտերը տաղ էր ասում, իսկ տիրացու Սիմոնը ձայնակցում էր նրան, էֆենդին էլ կամաց֊կամաց քթի թակին մռմռում էր։ Նրանց ուրախությանը չափ չկար։ Ի՞նչ հոգ, թե հարևանի տանը ինչ էր կատարվում։ Զուլոն մտածեց հայտնել նրանց, գուցե մի օգնություն կհասցնեին, և մոտենալով տերտերին, նրա ականջին ասաց, թե ի՞նչ տեսավ Զաքոյի տանը։ Միայն նա թաքցրեց, թե Սառան և Ստեփանիկը պահված են իրանց տնում։ Մի անբացատրելի բնազդական զգացմունք փականք էր դրել Զուլոյի լեզվի վրա՝ լռել այդ մասին։
Նա հայ կնոջ սովորության համեմատ հյուրերի հետ չէր խոսում և տերտերին հաղորդածը այնքան համառոտ և անլսելի ձայնով կատարվեցավ, որ մյուսները ոչինչ չհասկացան։ Միայն տեսնելով քահանայի այլայլված դեմքը և այն անհանգստությունը, որ պատճառեց նրա մեջ հարսի խոսակցությունը, հյուրերը անհամբերությամբ հարցրին.
— Ի՞նչ է պատահել։
— Գազաննե՜ր, գազաննե՜ր...- գոչեց քահանան ձեռքերը դեպի երկինք բարձրացնելով,— տասներկու առաքելոց և երեք հարյուր վաթսուն ու վեց հայրապետաց անեծքը թող ձեզ վրա լինի, նզովից արմատներ...
— Ի՞նչ է պատահել,- կրկնեց էֆենդին։
Տերտերը պատմեց ինչ որ հաղորդել էր նրան Զուլոն և խնդրեց էֆենդուց օգնել թշվառներին։
Կան մարդիկ, որոնք վտանգի, դժբախտության և ուրիշներին հասած նեղության ժամանակ, փոխանակ փրկության հնարների վրա մտածելու, փոխանակ շուտափույթ օգնության ձեռք մեկնելու, սկսում են քննադատել դժբախտության պատճառները, և իրանց խիղճը հանգստացրած են համարում, երբ մեղադրանքի մի նշույլ