Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քահանային անհասկանալի էին թվում տանուտերի թե՛ բարկությունը և թե՛ նրա մթին խոսքերը, որովհետև բուն իրողությունից տեղեկություն չուներ։ Եվ տանուտերը հարկավոր չհամարեց նրա հետ երկար բացատրությունների մեջ մտնել, մանավանդ երբ մտածեց, որ նա Ստեփանիկի կնքահայրն էր և նրա աղջիկ լինելը բացի քահանայից մի օտար մարդ չգիտեր, ուրեմն ո՞վ պետք է հայտնած լիներ էֆենդուն այդ գաղտնիքը, եթե ոչ ինքը քահանան։

Նա համարյա դժգոհությամբ հեռացավ ծերունու տնից, իր մտքում ասելով. «Աստված առաջ մարդու խելքը գլխից կառնե հետո հարստությունը»...

Էֆենդին տերտերի տան մեջ անհամբերությամբ սպասում էր նրան։ Երբ վերադարձավ քահանան, նա իսկույն հարցրեց.

— Ի՞նչ լուր բերեցիք։

— Չգիտեմ, ինչ անեմ,- պատասխանեց քահանան շվարած կերպով.— այդ մարդը ցնորված է։

— Մերժե՞ց։

— Այո՛։

— Ես այդ սպասում էի...

Կարծես ամբողջ երկինքը փուլ եկավ էֆենդու գլխի վրա և ճնշեց նրան իր սարսափելի ծանրության ներքո։ Նրա աչքերի առջևը սևացավ, դողդողաց, և ընկավ գետին։ Երկար այնպես անմռունչ ընկած էր, և երբեմն անգիտակցաբար ձեռքը տանում էր դեպի ճակատը, ծեծում էր գլուխը և փետում էր իր մազերը, ասելով. ի՞նչ անեմ... ա՜խ, ի՞նչ անեմ...

Ամբողջ տիեզերքի մեջ չկա մի բան, որ այնպես խոնարհեցներ մարգերին, որպես սերը։ Մարդկության ամենասարսափելի հրեշները, որ դղրդում են աշխարհները, որ ներկում են արյունով երկիրները, որ ահուդողի մեջ են պահում ազդերը,— խոնարհվում են, ծունկ են չոքում սիրած կնոջ առջև, այստեղ միայն նրանք մարդ են և հանդիսանում են մարդկային բոլոր թուլություններով։

Թոմաս էֆենդին այժմ սիրում էր Լալային, սիրում էր ճշմարիտ և ջերմ սիրով։ Նրա բոլոր վայրենի և գազանային անգթությունները հալվում, մաշվում և ոչնչանում էին այդ սիրո առջև: Դևը երբ սիրում է, հրեշտակ է դառնում։ Իսկ էֆենդին սիրելով, սկսեց զղջալ։

Նա իր կյանքում երբեք չէր սիրել. և դրանով կարելի է բացատրել նրա բնավորության այն սև կողմերը, որ կյանքի մեջ ոչինչ սուրբ բան չկար նրա համար։ Աշխարհային գործերի մեջ որքան