Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ճանաչեցի, Մըստո,- պատասխանեց երիտասարդը և ուրախությամբ համբուրեց նրան։

Մըստոն ազգով քուրդ էր, եզիդիների աղանդից․ նա երիտասարդի հոր հովիվն էր և նրա մանկության ընկերը։ Մի կլորիկ պատանի էր Մրստոն խիստ աշխույժ և հավատարիմ, երբ թողեց նրան երիտասարդը, իսկ այժմ գտնում էր նրան հասակն առած և բոլորովին այրական դեմք ստացած։ Նա զինվորված էր թեթև կերպով, ուներ միայն հրացան, թուր և ատրճանակներ։ Երիտասարդը շատ ուրախացավ, որ հանդիպեցավ իր հոր տան հավատարիմ ծառային, և ավելի այն պատճառով, որ նրանից կարող էր քաղել այն տեղեկությունները, որ իրան շատ հարկավոր էին։

— Ա՜խ, որքա՜ն հիմար եմ ես, Սարհատ,- ասաց Մըստոն իր սովորական ծիծաղով.- քիչ էր մնում, որ չճանաչեի քեզ. հենց որ տեսա, մտա թփի ետևը, հրացանս ուղղեցի... հենց տրխկացնելու վրա էի, մեկ էլ աչքիս ընկավ ճակատիդ սպին, ինձ ու ինձ ասացի, դա աղան է, էլ չարձակեցի... Ա՜խ, ինչպես փոխվել ես դու, սատանան չի ճանաչի։

Մըստոն կրկին փաթաթվեցավ և կրկին սկսեց համբուրել իր տերին։

— Դու ուզում էիր ինձ սպանե՞ք, Մըստո,- հարցրեց երիտասարդը։

— Պա՛։ Ուզում էի նիզակդ խլել. իմը կոտրվեցավ։ Առանց նիզակի քուրդին ամոթ է ման գալ։

— Ե՞րբ կոտրվեցավ։

— Կռիվ ունեցա քրդերի հես., երբ մեր ոչխարները թալանում էին։ Բոլորը տարան անհավատները, մի հատ էլ չթողեցին։ Քո քուռակն էլ տարան, Սարհատ, այն կապույտ քուռակը. մի տեսնեի՜ր, ի՜նչ լավ ձի էր դարձել, ամեն օր լավ ուտացնում, չաղացնում էի, մի օր աղան կգա, կնստի, տարան անհավատները... այնքան ոչխարներից մեկն էլ չթողեցին։

— Մե՞ր ոչխարները։

— Ձերը, բա ո՞ւմը. Մրստոն խո ոչխար չունի։ Ոտքիս էլ գնդակ դիպավ։ Բայց ես էլ մի քանիսին գլորեցի...

— Հիմա ո՞ւր էիր գնում այսպես կաղլիկ ոտով։

— Գնում էի այս կողմը... բան կար...

— Ի՞նչ կար։

— Ա՛խ, լեզուս չէ բռնում, որ ասեմ... անիձվի՜ն քրդերը... աղայինս...