Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարտեզի լիության մեջ, երբ նա իր աղաչավոր թևքերը փաթաթած սիրած երիտասարդի պարանոցին, ասում էր նրան. «Տա′ր ինձ... հեռացրո′ւ այդ երկրից... ես վախենում եմ քրդերից»... Ի՞նչու չտարավ նրան Վարդանը, ի՞նչու թողեց նրան Վարդանը... Վարդանը այժմ այդ խորհել չէր կարող. շվարման մեջ կաշկանդվում է, դադարում է միտքը։

Բայց ո՜րքան դառն հիշողություններ զարթեցնում էին նրա մեջ այդ տխուր ավերակները։ Շատ ժամանակ չէր անցել, որ նրանք շեն ու հաստատ էին, շատ ժամանակ չէր անցել, որ նրանց մեջ բնակվում էր մի հոյակապ ընտանիք լի և խաղաղական կյանքով։ Ի՞նչ եղավ, ո՞ւր էր այժմ այդ ընտանիքը։ նա աչք ձդեց կանանոցի վրա, որի ծխից և մուխից մրոտած չորս պատերն էին միայն մնացել. առաստաղը իջած էր։ Այստեղ ծերունու բազմաթիվ հարսները, աղջիկները և թոռները, ամբողջ օրը մի կենդանի շարժողության մեջ, վժվժում էին, գործում էին, աշխատում էին, և միշտ ուրախ էին, որովհետև ապրուստի կարոտություն չունեին։ Այժմ այլևս չէր լռվում ո′չ երեխաների աղմուկը և ո՛չ էլ հոգատար մայրերի զգուշավոր ձայնը։ Նա իր հայացքը դարձրեց ծերունի Խաչոյի օդայի վրա, որ բոլորովին կործանված էր։ Նա հիշեց այն աղմկալի գիշերները, երբ ինքը պարոն Սալմանի, տանուտերի և նրա որդիների հետ, այդ օդայի մեջ, ջերմ ոգևորությամբ վիճում էին, խորհում էին, և հարյուրավոր ծրագիրներ էին պատրաստում թշվառ ժողովրդին իր ներկա տառապանքներից ազատելու, և նրան մի բախտավոր կյանք ստեղծելու համար։ Իսկ այժմ բոլորը ոչնչացած էր տեսնում, թե′ խորհողներին և թե′ խորհուրդը...

Ահա այնտեղից մարդիկ են երևում։ Մինչև այն րոպեն ամբողջ գավառում ոչ մի մարդկային արարած չտեսավ Վարդանը։ Ավերակների մեջ մարդիկ էին երևում։ Այդ բավական ուրախացրեց Վարդանին։ Նա մոտեցավ։ Մի քանի ողորմելի քրդեր, բրիչները ձեռք առած, փորում էին տան փլատակների հողակույտերը։ Վարդանը ճանաչեց նրանց։ Դրանք ծերունի Խաչոյի հովիվներն էին իրանց կնիկների և երեխաների հետ։ Տղամարդիկը փորում էին հողը, իսկ կնիկները նրանց մեջ իրեղեններ էին որոնում։ Հրդեհից կործանված տան մեջ դեռ շատ բաներ մնացել էին հողի տակ առանց այրվելու։

— Աստված ուժ տա,— ասաց Վարդանը ողջունելով այն ձևով, որպես ողջունում են բանվորներին։

— Բարով եկար,— պատասխանեցին նրան: