—Ի՞նչ եք պտռում:
— Ձեր բարի աչքով տեսնում եք,— պատասխանեցին քրդերը, շարունակելով իրանց գործը։
Վարդանը դառնալով քրդերից մեկին, հարցրեց.
— Ճանաչո՞ւմ ես ինձ, Խլո։
— Ի՞նչպես չճանաչել քեզ, աղա, դու մեր տիրոջ՝ տանուտեր Խաչոյի բարեկամն էիր, շատ անգամ այս տանը ապրանք էիր բերում ծախելու, և ամեն անգամ չէիր մոռանում քո ծառա Խլոյի երեխաներին մի բան բաշխել։ Տե′ս, այդ էլ քո տվածն է,— նա ցույց տվեց իր կնոջ հագուստը, որ կարված էր կարմիր զոլավոր չթից։
Վարդանը սկսեց հարցնել, թե ի՞նչ պատահեց այս տանը հետ, ի՞նչու այս գյուղը այսպես ավերակ դարձավ, ի՞նչ եղան նրա բնակիչները։
Հովիվը բրիչը գցեց գետնին, սրբեց ճակատի քրտինքը և նստեց, կարծես, նրա պատմության համար բավական հանգստություն պետք էր։
— Թո′ղ մեր թշնամիներին էլ չպատահի այն, ինչ որ պատահեցավ այս տան հետ,— ասաց նա ցավալի ձայնով։— Մենք, իրավն ասեմ, չգիտենք բոլորը, մենք այստեղ չէինք, մենք ոչխարները տարել էինք սարը արածացնելու։ Երբ մութը պատեց, հոտը քշում էինք դեպի գյուղը (այն գիշեր իմ կինը մի վատ երազ էր տեսել, ես միշտ սպասում էի, որ մի չար բան պիտի պատահի)։ Դեռ գյուղին չհասած, հանկարծ հարձակվեցան մի խումբ քրդեր և սկսեցին թալանել հոտը։ Ես իմ ընկերների հետ վազեցինք դեպի գյուղը օգնություն կանչելու։ Տեսանք կրակը բռնել էր բոլոր գյուղը և ամեն կողմից վառվում էր։ Տեսանք՝ քրդերով լցված էր ամեն տեղ։ Շտապեցինք դեպի այդ տունը, տեսանք, նույնպես վառվում էր. ոչ մի կողմից հնար չկար ներս մտնելու։
— Ի՞նչ եղան տանեցիք։
— Թող մեր որդիների գլխին գա, եթե նրանց մի բան պատահած լինի։ Տանուտեր Խաչոն Հայրապետի և Ապոյի հետ տանը չէին։ Նրանց դեռ շատ օրեր առաջ տարել էին դատավորի մոտ։ Ասում են, որ բանտումն էին։ Կնիկներից նույնպես տանը ոչ ոք չկար։ Տանը մնացել էին ծերունու մյուս որդիները, նրանց հետ ինչ պատահեց՝ մեզ հայտնի չէ։ Մենք եկանք և տունը կրակի մեջ տեսանք։
— Մեր տերը՝ ծերունի Խաչոն բարի մարդ էր,— շարունակեց հովիվը,— նա այնքան վախենում էր աստծուց, որ մրջիմ էլ կոխ