Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէր տա։ Ամենքը այս տան մեջ բարի էին, ճանճերին էլ չէին վշտացնում։ Մեզ պահում էին իրանց որդիների պես։ Բայց թո′ղ անիծվեն էշիրաթները [1], ամեն ինչ տակնուվրա արեցին... ամեն բան փչացրին...

— Ի՞նչ պատահեց գյուղացիների հետ։

— Գյուղացիների մեկ մասը կոտորեցին, մեկը մասը գերի տարան, շատերն էլ փախան և ազատվեցան։

«Ջրի մեջ խեղդվող մարդուն չոփից բռնվելն էլ մեծ մխիթարություն է»։ Հովիվի պատմությունը որքան ցավալի և որքան դառն լիներ, այսուամենայնիվ, ազդեց Վարդանի մեջ հույսի մի փոքրիկ նշույլ։— Դեռ ամեն ինչ կորած չէ...— մտածեց նա։ Վարդանին հայտնի էր, որ ծերունի Խաչոն իր երկու որդիների Հայրապետի և Ապոյի հետ պետք է բանտարկված լինեն. բանտը կարող էր պատսպարան լինել նրանց քրդերի բարբարոսությունից զերծ մնալու, եթե նույնիսկ բանտի մեջ նրանց սպանած չլինեին։ Նրան հայտնի էր նույնպես, երբ խուզարկուները հսկողության ներքո առին ծեքունի Խաչոյի տունը, նա հեռացրեց իր տնից կանանց սեռը, որոնք անշուշտ պետք է ծածկված լինեին բարեկամների և ազգականների մոտ, և Լալային անտարակույս իրանց հետ տարած կլինեին, և այսպիսով ազատ կմնային ծերունու տանը հասած աղետալի դժբախտությունից։ Բայց ի՞նչ կլիներ նրանց վիճակը, եթե միևնույն դժբախտությունը պատահած լիներ և այն տների հետ, ուր պատսպարված էին նրանք..

Հովիվի խոսքերի մեջ մի մխիթարական կետ ևս կար, «Գյուղացիների մեկ մասը կոտորեցին, մեկ մասը գերի տարան, շատերն էլ փախան և ազատվեցան»,— ասաց նա։ Գուցե այդ փախչողների թվում լիներ Խաչոյի ընտանիքը,— մտածում էր Վարդանը,— գուցե Լալան ևս նրանց մեջ լիներ։ Բայց ո՞ւր գնացին, ո՞րտեղ փախան, այդ հարցերը սկսեցին տանջել Վարդանին։ Հովիվները մի որոշ բացատրություն տալ չկարողացան։ Անցքերը պատահել էին գիշերով և այնքան հանկարծակի կերպով, որ ամեն ինչ թաքնված էր խավարի և մթության մեջ։ Բայց Վարդանը իր գալու ժամանակ նկատեց, որ Ալաշկերտի ամբողջ գավառը դատարկված էր հայերից։ Անկարելի էր, որ բոլորին կոտորած կամ

  1. էշիրաթ կոչվում են վայրենի, վրանաբնակ քրդերը, որոնք լավ համարում չունեն իրանց հաստատաբնակ ցեղակիցների մոտ. որովհետև այս վերջիններիս հետ վարվում են նույնպես բարբարոսաբար, որպես օտարների հետ։