Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասավ չեռան ստորոտը, օգնություն հասնելու։ Մարմինը դեռ գլորվում էր, բայց նա բոլորովին չհասավ մինչև անդունդը։ Ժայռերի պատռվածքից բուսած թուփերը բռնեցին նրան։ Վարդանը այժմ ուրախ էր։ Նա հույս ուներ ազատել անձնասպանի կյանքր։ Նա վեր նայեց, տեսավ, որ մարմինը գտնվում էր ավելի քան հիսուն ոտնաչափ բարձրության վրա, և անշարժ բռնված էր թուփերի մեջ։ Ի՞նչպես ցած բերել նրան,— այդ եղավ երիտասարդի հոգածության առարկան։

Նա ցած իջավ ձիուց և սկսեց հետազոտել պարսպի նման վեր բարձրացած քարաժայռի մակերևույթը, որոնելով մի ճանապարհ, որ մատչելի լիներ թուփերին։ Ոչ մի կողմից ելք չկար։ Մարմինը տակավին անշարժ գտնվում էր իր տեղում, առանց կենդանության մի նշույլ անգամ ցույց տալու։ Արդյոք ի՞նչն էր ստիպել այդ թշվառին անձնասպանություն գործել։ Վարդանի տխուր շրջապատը այժմ այն աստիճան խորհրդավոր նշանակություն էր ստացել նրա համար, որ յուրաքանչյուր չնչին առարկայի մեջ անգամ գաղտնիքներ էր տեսնում։

Նա նկատեց, որ առանց իր կյանքը վտանգի ենթարկելու անկարելի էր ազատել թշվառին, որը գուցե դեռ մեռած չէր, որին գուցե դեռ կարելի կլիներ օգնել։ Կարեկցության զգացմունքը նրան մոռանալ տվեց իր անձը և հանձն առեց մի վտանգավոր ձեռնարկություն։ Նա նկատեց, որ ժայռի կուրծքի վրա բուսած թփերից, կամ ցցված քարերից բռնելով, կարելի էր վեր բարձրանալ, եթե նրանք այնքան ամուր էին, որ կարողանային պահել իր մարմնի ծանրությունը։ Վարդանը օձի դյուրաթեքություն և կատվի արագաշարժություն ուներ։ Նա ձեռքը տարավ, բռնեց առաջին սեպացած քարից, և ճանկռտելով սկսեց վեր բարձրանալ։ Մի քանի արշին հազիվ էր բարձրացել գետնի մակերևույթից, հանկարծ ձեռքի բռնած քարի կտորը պոկվեցավ և ինքը ցած գլորվեցավ։ «Այստեղից հարմար չէ »,— մտածեց նա, առանց ուշադրություն դարձնելու իր ձեռքերի վրա, որոնք քսվելով քարերի սուր ժանիքներին, քերթվեցան և արյունը դուրս ցայտեց վերքերից։

Վարդանը այն տեսակ բնավորություններից էր, որ դժվարությունները ավելի բորբոքում էին նրա եռանդը, և կարծես, վիրավորում էին նրա անձնասիրությունը, թե ի՞նչու հաղթել չէր կարողանում։ Նա շտապում էր։ Արեգակը մտնելու վրա էր։ Մի քանի րոպեից հետո խավարը կթանձրանար և արգելք կդներ նրա հաջողությանը։ Նրա գլխում ծագեց մի միտք։ Նա առեց երկայն պարանը,