Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մըստոն չկարողացավ իր խոսքը վերջացնել, նրա աչքերը լցվեցան արտասուքով և սկսեց երեխայի նման հեկեկալ։

— Սպանեցի՞ն.․․ իմանում եմ,- ասաց երիտասարդը։- Գնում էիր ի՞նչ անես։

— Թաղեմ։ Խո այսպես չէի թողնելու։ Իմ աղան լավ աղա էր։

— Ես թաղեցի,- պատասխանեց երիտասարդը տխուր ձայնով։

— Դու էն ասա՛, Մըստո, թե մի բան գիտես մորս, քույրերիս և եղբորս մասին։

— Մըստոն ամեն բան գիտե. գիժ չէ՞ , որ չգիտենա։ Գլխի՞ցը պատմեմ։

— Ո՛չ, կարճ կապի՛ր։ Ի՛նչ կհարցնեմ, էն ասա։

— Լավ, հարցրու։

— Ե՞րբ եկան քրդերը։

— Քրդերը եկան երկու օր առաջ, գիշեր էր, երբ եկան նրանք․ մարդիկ բոլորն էլ քնել էին։ Նրանք շատ չէին, հարյուր ձիավոր հազիվ կլինեին, որ եկել էին մեր գյուղի վրա. մյուսները գնացել էին ուրիշ գյուղերի վրա։ Բայց հայի գյուղը թալնելու համար տասը ձիավոր էլ բավական է։ Ինչո՞ւ հայերը ղոչաղ չեն, տղա, դա լավ չէ, դա շա՛տ վատ է։ Լացն ու աղաղակը բարձրացավ, երբ նրանք խրճիթների դռները կոտրատեցին և ներս մտան։ «Տո՛, խանիխարաբնե՛ր, ասում էի ես հայերին, խո կնիկ չեք, մարդ եք, թե որ թուր ու թվանք չունեք, քարով, փայտով, կացինով խփեք ու դուրս արեք էդ շներին»։ Բայց ով էր իմ ձենը լսողը։ Առաջ նրանք սկսեցին դուրս տալ, ինչ որ տանելու էին, թե՛ ապրանք, թե՛ կին և թե՛ աղջիկ․ բայց մնացած անպիտան ապրանքները՝ ծերերի, պառավների, երեխաների հետ՝ թողեցին խրճիթներում, դռները կրկին փակեցին, հետո կրակ տվեցին, այրեցին։ Իսկ տղամարդերին կոտորում էին։

— Ոչ ոք չազատվեցա՞վ։

— Ազատվեցան նրանք միայն, որ առաջուց բանը գիտեին ու փախել գնացել էին, սարերում թաք էին կացել։ Բայց շատերը չէին հավատում, թե քրդերը այնպես կանեին, նրա համար, որ գայմագամը գրում էր ժողովրդին՝ իրանց տեղումը հանգիստ մնան, չվախենան։ Խաբում էր անիծածը։

— Մեր տան հետ ի՞նչ պատահեց։

— Հայրդ տանը չէր, գնացել էր Բաշ-Կալա, ինձ ասաց.—, Մըստո, տունը պահիր, մինչև ես կդառնամ։ Ես արթուն էի, երբ քրդերը եկան, հրացանը ձեռիս կտուրի վրա կանգնած էի։ Բայց