Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կողմը դիմել։ Մերձակա հայոց բազմաթիվ գյուղերում մի հայ անգամ չէր մնացել։

Վարդանը մտաբերեց, որ այն տեղից ոչ այնքան հեռու պետք է գտնվեր քրդերի մի գյուղ, սկսեց դիմել դեպի այն կողմը, իր ետևից քարշելով ձիու երասանակը, որի վրա կապված էր վիրավորը։ Այժմ երիտասարդը աղոտ կերպով հասկանում էր, թե ի՞նչ պետք է հարկադրած լիներ էֆենդուն, որ նա անձնասպանությամբ աշխատում էր հանգստացնել իր խղճի խայթը։ Միթե զղջացե՞լ էր նա, որ այնքան արյան, արտասուքի և այնքան ավերմունքների պատճառ դարձավ...

Վարդանի հիշողությունը չխանգարեց նրան, խավարի միջից նշմարեց լույսի նշույլները. գյուղը պետք է այնտեղ լիներ, բայց դեռ բավական հեռու էր։ Անձրևը այժմ ավելի սաստիկ սկսեց տեղալ, նա հանեց իր վերարկուն, որի մեջ փաթաթված էր, և նրանով խնամքով ծածկեց էֆենդու մարմինը։ Գիշերից բավական անցել, երբ նա հասավ գյուղի մոտ։ Տները, որպես առհասարակ լինում են քրդերի գյուղերում, գետնափոր խրճիթներ էին։ Վարդանը մոտեցավ առաջին հանդիպած տանը, ձեռքը մեկնեց դեպի դուռը, տեսավ, որ բաց էր։— Ահա մի բախտավոր ժողովուրդ, որ գողերից երկյուղ չունի և քնում է առանց իր տան դուռը կողպելու,— մտածեց նա։

Խրճիթում ճրագ չէր երևում, տանեցիք պառկած էին։ Վարդանը սկսեց բախել դուռը։ Քանի րոպեից հետո ներսից լսելի եղավ կանացի ձայն․

— Ո՞վ ես։

— Աստուծո հյուր եմ։

Հյուրի անունը բավական էր, որ նրանց ներս թողնեին։ Կինը իսկույն ճրագ վառեց և ընդունեց նրանց։ Երևում էր, որ նա հանված և քնած էր, որովհետև հագին միայն կարմիր շապիկ ուներ, որ իջնում էր մինչև մերկ սրունքները։ Կնիկը օգնեց Վարդանին, երկուսը միասին ներս տարան էֆենդուն և պառկեցրին օթոցի վրա։

— Հիվա՞նդ է։

— Ոչ, վիրավորված է։ Մանկահասակ կինը իսկույն բերեց մի փոքրիկ արկղիկ, որի մեջ կային զանազան տեսակ սպեղանիներ և մի քանի, կոպիտ կերպով պատրաստված, վիրաբուժական գործիքներ։

— Ես մեր տան բժիշկն եմ,— ասաց նա բաց անելով արկղիկը,— երբ ամուսինս կռվի մեջ վերք է ստանում, ես եմ դարմանում