Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրան։ Առաջ սկեսուրս էր բժշկում, հիմա նա պառավել է. ես նրանից սովորեցա։

Վարդանը որքան մեծ հավատ ուներ քրդերի վիրաբուժական հմտությունների մասին, դարձյալ շնորհակալություն հայտնեց, թե ինքն էլ փոքր ինչ հասկանում է այդ արհեստը և առաջուց հոգացել է վիրավորի մասին ինչ որ պետք էր։

Այս պատասխանը թեև փոքր ինչ դիպավ մանկահասակ կնոջ սրտին, որ ցանկանում էր ցույց տալ իր շնորհքը, այսուամենայնիվ, նա հանգստացավ, երբ տեսավ, որ հիվանդի վերքերը փաթաթված էին։

— Այժմ պետք է ձեր ձիուն խնամք տանել, խեղճը մնաց դրսում։

— Դուք նեղություն մի՛ կրեք,— ասաց երիտասարդը,— միայն ինձ ցույց տվեցեք, թե որտեղ պետք է կապել։

Մանկահասակ կինը առեց ճրագը, առաջնորդեց հյուրին և բակի մեջ ցույց տվեց մի տեղ։ Վարդանը նայեց իր շուրջը, տեսավ բակը շրջապատած էր խիստ ցածրիկ ցանկապատով։

— Այստեղ երկյուղ չկա՞,— հարցրեց նա։

— Ի՞նչ երկյուղ,— պատասխանեց կինը, ծիծաղելով,— գողը գողի տնից բան չի տանի։

— Երանի՜ ձեզ,— ասաց Վարդանը իր մտքում։

Վարդանը աչք ածեց իր շուրջը, տեսավ, որ խրճիթի մեջ բացի մանկահասակ կնոջից և մի քանի երեխաներից, որ պառկած էին հատակի վրա, ուրիշ ոչ ոք չկար։ Բայց նրանց ոտնաձայնը զարթեցրուց պառավ սկեսուրին, որ մնացել էր աննկատելի։ Նա գլուխը բարձրացրեց, նստեց իր անկողնի մեջ, հարցնելով.

— Uարո, դու՞ն ես, եկա՞ր, որդիս։

— Սարոն չէ,— պատասխանեց մանկահասակ կինը, մոտենալով,— հյուր է։

Պառավը լսելով, որ որդին չէ, գլուխը կրկին դրեց բարձի վրա և իսկույն քնեց։

— Աչքերը չէ ջոկում, կարծում է, որ որդին է վերադարձել— իմ ամուսինը։

— Ո՞րտեղ է ձեր ամուսինը,— հարցրեց Վարդանը հետաքրքրվելով,

— Բայազեդի մոտ. գնացել է կռվելու, մեր գյուղում մի տղամարդ չես գտնի, բոլորը այնտեղ են։ Ես էլ երկու օր է, որ եկել եմ, գնացել էի ավար բերելու։