համարում անծանոթ հյուրի աչքի առջև անկողին մտնել։ Խրճիթի տաքությունից նա վերմակը մի կողմն էր ձգել և կիսով չափ երևում էր նրա գեղադրական կուրծքը, որ սքողած էր գլխի խիտ ծամերով։ Նրա քունը հանգիստ էր, որպես անմեղ այծյամի քունը։
— Այժմ հասկանում եմ, թե ինչու մարդկության առաջին զույգը բոլորովին մերկ էր ապրում,— մտածում էր Վարդանը,— նրանք սկսեցին ծածկվել այն ժամանակ, երբ զգացին, թե ինչ բան է մեղքը։ Այդ ժողովուրդը դեռ չգիտե, թե ինչ բան է մեղքը, և այդ պատճառով նրան անծանոթ է այն գաղափարը, որ աշխարհային լեզվով կոչվում է ամոթ, պատկառանք, և պատշաճավորություն։ Ահա մի գեղեցիկ ժողովուրդ իր սկզբնական պարզության մեջ, դրանից կարելի է հրաշալի բան շինել։ Վայրենի տունկը, երբ պատվաստվում է մշակված և ավելի քաղաքակրթված տունկի հետ, հիանալի պտուղներ է տալիս։ Ի՞նչ կլիներ, եթե այդ առողջ և կենդանի տարրը խառնվեր հայերի հետ...
Բոլորը քնած էին. Վարդանը միայն արթուն էր։ Այսպես հրկար նստած էր նա, և տխուր ու խառն մտածությունները անկապ կերպով ամբոխվում էին նրա սրտի մեջ։ Երբեմն նա իր բորբոքված երևակայության մեջ նկարագրում էր ալաշկերտցոց աղետալի գաղթականությունը։ «Փոփոխական ծառը արմատ չէ տարածում մայր հողի մեջ և գոսանում է»։ Այդ ազգը իր պատմության ամբողջ ընթացքում մաշվեցավ, գոսացավ և մեծ մասամբ ոչնչացավ իր անմիտ գաղթականության թափառումների մեջ և տակավին խելքի չեկավ։— Ահա մի նոր գաղթականություն ևս։ Եվ շատ բնական է։ Մի ծառ, որ խորին և հաստատուն կերպով արմատ չէ ձգել մայր հողի մեջ, չէ կարող դիմանալ աշխարհի փոթորիկներին,— փչեց քամին, կատաղի մրրիկը նրան դուրս կխլե արմատից և կձգե կորստյան անդունդի մեջ... Երբեմն նրա երևակայության մեջ պատկերանում էր պարոն Սալմանի եռանդուն դեմքը, կարծես, լսում լիներ ոգելից երիտասարդի գեղեցիկ խոսքերը. նա խոսում էր առանց լռելու, քաղցր և անընդհատ կերպով, թեև երբեմն խակ մտքեր էր հայտնում, բայց բոլորը հաստատ հավատքով, բոլորը ջերմ սրտից բխած։ Երբեմն մտաբերում էր նա Մելիք֊Մանսուրին, այդ կոշտ, արկածախնդիր մարդուն, որ միշտ մի առանձին բավականություն էր գտնում կյանքի վտանգավոր և փոթորկալից աղմուկների մեջ։ Երբեմն նա մտաբերում էր ծերունի Խաչոյին, այդ առաքինի նահապետին, որ ուներ այնքան սեր և գութ դեպի իր կառավարության հանձնված ժողովուրդը, որը պատրաստ էր ընդունել