Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կորցրել էր... այժմ նրան գողացել էին...— դրանով ոչնչանում էին Վարդանի մնացած հույսի նշույլները, թողնելով նրա հանգած սրտի մեջ տխուր հիշողությունների այրված մոխիրը միայն։

Գիշերը աննկատելի կերպով անցել էր, առավոտյան լույսը սկսել էր բացվել, դրսից լսելի էր լինում թռչունների ուրախ երգը, փոթորկալից և անձրևային գիշերին հաջորդել էր ամառային վարդակարմիր առավոտը։

Հանկարծ խրճիթի դռնից ուրախությամբ ներս վազեց մի աղջիկ. երևում էր, որ հեռու տեղից էր գալիս, որովհետև ոտքից գլուխ թրջված էր և երկայն հագուստի ստորին մասերը թաթախված էին ցեխի մեջ։

— Ջավո՜...— կոչեց տանտիկինը և գրկեց նրան։

— Քու՛յրս...— կոչեց աղջիկը և իր կարմրած թշերը մոտեցրեց նրա շրթունքին։

Վարդանը, կարծես, առժամանակ մոռացավ իր ցավը և սկսեց նայել երկու քույրերի ջերմ գրկախառնության վրա։ Եկվորը մի բարձրահասակ աղջիկ էր ցամաք՝ կազմվածքով և բավական գեղեցիկ դեմքով։ Նա կրում էր իր քրոջ սև, վառվռուն աչքերը, որոնք ուրախությունից ավելի անհանգիստ և ավելի շարժուն էին այժմ։ Նրա թե՛ դեմքը և թե՛ անունը ծանոթ էին երևում Վարդանին, բայց թե ուրտեղ և երբ էր տեսել նրան,- դժվարանում էր հիշել։

— Գիտե՞ս ինչ կա,— խոսեց գեղեցիկ աղջիկը,— Ջավոն դրանից հետո քեզ մոտ կմնա, շատ ժամանակ քեզ մոտ կմնա, տիկինը արձակեց Ջավոյին։ Որքան ուրախալի լինեին այդ խոսքերը, որքան քաղցր լիներ երեց քրոջը Ջավոյին երկար ժամանակ իր մոտ տեսնելը, այսուամենայնիվ, նա բոլորովին շփոթվեցավ, երբ լսեց, թե տիկինը արձակել է նրան։ Ի՞նչ պատճառով պետք է արձակած լիներ, քանի որ առաջ խիստ դժվարությամբ էր հեռացնում Ջավոյին, երբ նա ցանկանում էր երբեմն իր քրոջը տեսության գնալ։

— Ի՞նչ է պատահել։

— Մի՛ վախիր, չար՝ ոչինչ չէ պատահել:

Եվ Ջավոն սկսեց պատմել, թե տիկինը առժամանակ միայն արձակեք, որ բնակվի իր քրոջ մոտ մինչև կրկին կանչել կտա։ Տիկինը Ջավոյին փող տվեց, հագուստներ բաշխեց, շատ-շատ լավ բաներ ընծայեց, և բոլորը Ջավոն բերեց իր հետ։

— Տե՛ս, բոլորը ցույց կտամ քեզ։

Նա սկսեց անել իր հետ բերած կապոցը, որ ցույց տա իր