Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ի՞նչ կարող էր անել մենակ Մըստոն այնքան գազաններին. մի տասը տղամարդ եթե հետս ունենայի, նրանց չէի թող տալ, որ գյուղն էլ մտնեին, բայց մենակ էի։ Ես ձեռք էլ չբարձրացրի, նրա համար, որ քուրդի խասյաթը լավ էի իմանում, հենց որ մեկին դիպչեի, ոչ մի հոգի կենդանի չէին թողնի։ Ես աշխատում էի մի կերպով ընտանիքը ազատել. մնացածը, ասում էի, գլուխը քարը, թո՛ղ տանեն։ Առանց ժամանակ կորցնելու, ես տնից դուրս հանեցի մորդ, եղբորդ և երկու քույրերիդ. բայց այնքան հիմար էի, որ չմտածեցի, թե տանը օրորոցի մեջ տղա մնաց։ «Երեխա՜ս, երեխա՜սա, գոռաց մայրդ և վազեց դեպի տուն։ Ես մնացի երկու սրի մեջտեղում, չէի իմանում, դեպի ո՞ր կողմը դառնամ։ Եթե աղջիկներին թողնեի, քրդերը կտանեին, լավ է, ասացի, դրանց տանեմ մի տեղ թաքցնեմ, հետո դառնամ դեպի մայրը։ Եղբորդ և քույրերիդ թաքցրի գյուղից հեռու գարու արտի մեջ և շուտով վազեցի դեպի մայրդ։ Երբ հասա, տեսա, տունը վառվում էր բոցերի մեջ. բայց խեղճ կինը ոչ իմ կանչելուն ականջ դրեց, և ոչ էլ բոցերին մտիկ տվեց, մտավ կրակի մեջ. այն րոպեում փուլ եկավ կտուրը, և նա էլ դուրս չեկավ...։

Քարացածի նման լսում էր երիտասարդը այս բոլորը, նա գունաթափվել էր մարմարիոնի պես, և բարակ շրթունքները դողդողում էին տենդային անհանգստությամբ։ Արտասուք նրա աչքերում չէր երևում։

— Հայրս ի՞նչու գնաց Բաշ-Կալա,- հարցրեց նա դողդոջուն ձայնով։

— Երբ լսեցին, թե Շեյխը հրամայեք է գավուրներին կոտորել, ամենի վրա երկյուղ ընկավ, չէին իմանում, թե ինչ անեն, ո՞ր կողմը փախչեն, որ ազատվեն։ Այն ժամանակ հայրդ հավաքեց գյուղերի տանուտերներին երկու քահանայի ու մի վարդապետի հետ գնացին Բաշ-Կալա, որ մուդուրին, գայմագամին ասեն, որ նրանք ասկար (զինվոր) ուղարկեն երկիրը պահպանելու։ Մուդուրն ու գայմագամը առաջ խոստացել էին, թե ասկար կուղարկեն, հետո այսօր էգուց գցելով, այնքան ուշացրել էին, մինչև քուրդը եկավ, իր բանը տեսավ...։ Հետո գնացողներն տեսնելով, որ գայմագամը խաբում է, հույսը կտրած ետ էին դարձել։ Բայց քուրդերը իմանալով, որ գայմագամի մոտ էին գնացել, ճանապարհին բռնել էին և այնպես էին արել, որ դու ինքդ քո բարի աչքով տեսար...

— Հիմա ո՞րտեղ են քույրերս, եղբայրս,- հարցրեց