Նա տեսնելով աղջկան երկու փոքրիկ երեխաների հետ, ճանաչեց նրանց և մոտեցավ։
— Դու դեռ ոչ բոլորովին առողջ ես,— ասաց նա,— ես պատվիրեցի քեզ դուրս չգալ, դու դարձյալ ման ես գալիս։
Աղջիկը շփոթվեցավ և չգիտեր ինչ պատասխանել: Նա իրավ, առողջ չէր, նա այնքան տկար էր, որ հազիվ կարողանում էր իրան ոտքի վրա պահել։ Երիտասարդը նկատեց երկու երեխաներին, որոնք դեռ կրծում էին ձմերուկի կեղևը։ Նա խլեց կեղևը, և մի կողմ ձգելով ասաց.
— Ի՞նչպես կարելի է ուտել այդ։
Երեխաները ավելի համարձակ գտնվեցան, քան շփոթված աղջիկը, և արտասուքը աչքերում պատասխանեցին.— քաղցած ենք։
— Մի՞թե վանքում ձեզ չեն կերակրում,— դարձավ երիտասարդը դեպի աղջիկը։
Մանկահասակ աղջիկը փոխանակ հարցին պատասխանելու, իր գեղեցիկ, նվաղած աչքերը դեպի գետին ուղղելով, մեծ դժվարությամբ ասաց.
— Եթե կարելի էր, մեզ համար ուրիշ տեղ ճարեիք, և մենք դուրս գայինք վանքից։
— Երևի այն անպիտան վարդապետը ձեզ վա՞տ է նայում։
Աղջիկը ոչինչ չպատասխանեց, և շարունակելով նայել դեպի ցած, կարծես, չէր ցանկանում իր բազմիմաստ հայացքը դարձնել դեպի հետաքրքիր երիտասարդը, զգուշանալով, որ նա իր դեմքից չգուշակեր այն, ինչ ինքը ակամա ստիպված էր թաքցնել սրտում։
— Հասկանում եմ...- պատասխանեց երիտասարդը խորին վրդովմունքով։— Հիմա գնա, այդ շոգին լավ չէ ման գալ, դու հիվանդ ես, կարող ես բոլորովին տկարացնել քեզ, մեկ ժամից հետո ձեզ մոտ կլինեմ, և ամեն ինչ կկարգադրեմ, որ լավ հոգ տանեն ձեզ։ Ի՞նչպես է եղբորդ կինը։
— Էլի այնպես է, այս գիշեր ավելի անհանգիստ էր,— պատասխանեց աղջիկը տխուր ձայնով։ Եվ այժմ, իր ամոթխած աչքերը դարձնելով դեպի երիտասարդը, հարցրեց.
— Դուք մեզ չեք թողնի վանքում, այնպես չէ՞, պարոն։
— Լավ, ես ձեզ համար մի ուրիշ բնակարան կճարեմ,- ասաց երիտասարդը և շտապով հեռացավ, իր մտքում կրկնելով.- խեղճ արարած, ի՞նչ շուտ ձանձրացրեց ձեզ վանքը...
Երիտասարդը բժիշկ էր, մի հարուստ վաղարշապատցի