Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատճառը։ Այդ միջոցին խուցի շեմքի վրա երևաց աբեղայի դաժան կերպարանքը։

— Այս րոպեիս դուրս կորեք այստեղից,— գոչեց նա բարկացոտ ձայնով,— քանի օր է ասում եմ, որ ձեզ համար տեղ ճարեք և հեռանաք այստեղից, դուք էլի մնում եք։

Ո՞ւմն էր ասում այդ խոսքերը, հիվանդ մայրը ոչինչ չէր լսում, նա միայն գրկած ուներ իր զավակներին, որոնց, կարծես, առաջին անգամն էր տեսնում։ Երկու ամբողջ օր գտնվում էր նա խորին ուշաթափության մեջ, այժմ սիրելի զավակների ձայնը արթնացրեց նրան։ Ո՞ւմ հետ էր խոսում աբեղան։ Այս խուցի մեջ ոչ ոք նրան լսել և հասկանալ կարող չէր։ Մանկահասակ աղջիկը նրա ձայնից սոսկաց, սարսափեցավ և միանգամայն կորցրեց իրան։ Իսկ փոքրիկ երեխաները երկյուղից կծկվել էին անբախտ մոր գրկում և դողում էին։

Աբեղայի բարկությունը ընդհատեց մի այլ ձայն.

— Այդ ի՞նչ շանթեր ես արձակում, հայր սուրբ։

— Բարով, պարոն բժշկապետ, ի՞նչպես եք, լա՞վ եք, ի՞նչպես է ձեր քեֆը,- ասաց աբեղան ժպտալով և ավելի խաղաղ կերպարանք ընդունելով։

— Իմ քեֆը հալա թող մի կողմը կենա,— պատասխանեց բժշկապետը ուղիղ հայր սուրբի աչքերի մեջ նայելով, դու այն ասա՜, էլ ի՞նչ ֆանդեր ունես, հայր սուրբ, ի՞նչու էիր նեղացնում այդ խեղճերին։

— Քո արևը վկա, ոչինչ ֆանդեր չկա. ես միայն ասում էի, որ իրանց համար տեղ ճարեն և հեռանան այստեղից։ Քեզ հայտնի է, որ կարգադրել են երկու օրից ավել չպահել գաղթականներին վանքում։ Ամեն օր նոր գաղթականներ են գալիս, պետք է հները գնան, որ նորերը նրանց տեղը բռնեն։

— Ո՞ւր գնան, դու տեսնում ես, որ մեռնում են։

— Ես ի՞նչ անեմ, ինձ այսպես է հրամայված։

Հայր սուրբը վանքի հյուրընկալն էր, մի խեղկատակ և շաղակրատ աբեղա, որի հետ ամեն մարդ թույլ էր տալիս իրան հանաքներ անել, առավելապես պարոն բժշկապետը, որ մի առանձին հաճություն ուներ պարսավել կղերին։

— Այդ խոսքերով ինձ չես խաբի,— ասաց նա,— դրուստն ասա՛, հայր սուրբ, ի՞նչ փորացավ ունես։ Աղջկա աչքերում լույս կա, հա՞։