Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Է՜հ, թող տուր, հեր օրհնած, ի՛՛նչպես ես խոսում։

— Կոտորվե՛ք դուք, կոտորվե՛ք,— ասաց բժշկապետը և մտավ խուցի մեջ։

Բժշկապետի այցելությունը մի առանձին մխիթարություն ազդեց թշվառ ընտանիքին, երբ նա հարկավորած դեղերը և պատվերները տալուց հետո, հայտնեց, թե ինքը կարգադրել է, որ շուտով նրանց կտեղափոխեն մի առանձին բնակարան, ուր կգտնեն նրանք ամեն հարմարություններ թե՛ կացության և թե՛ ապրուստի համար։

— Միայն շուտ, եթե կարելի է, շատ շուտ,— խնդրեց հիվանդ մայրը շնորհակալությամբ լի ձայնով։

— Անհոգ կացեք, մի քանի րոպեից հետո կտանեն ձեզ,— պատասխանեց բժշկապետը և դուրս եկավ, վանքի մեջ գտնվող մյուս հիվանդներին նայելու համար։

— Լալա՛, տեսնում ե՞ս, զավակս,— դարձավ հիվանդը դեպի մանկահասակ աղջիկը, որ աչքերը բռնած հեկեկում էր,— աստված դժբախտության ամենադառն րոպեներում դարձյալ չի մոռանում թշվառներին և ուղարկում է իր հրեշտակը նրանց մխիթարելու համար։ Մի՛ լաց, զավակս, փոթորկալից և խավար գիշերին հաջորդում է լուսապայծառ առավոտը։ Կգա մի օր, որ դու կրկին գտնես քո ուրախությունը․․․

— Այդ բոլորից հետո՞, սիրելի Սառա,— պատասխանեց Լալան դառն արտասուքով,— այդ բոլորից հետո ինձ մնում է մեռնել միայն...

Խուցի դռնից ներս մտան երկու մարդ. Սառայի և Լալայի խոսակցությունը ընդհատվեցավ։ Եկվորները պարոն բժշկապետի ծառաներն էին, որոնք բերում էին իրանց հետ հաց և կերակուրներ, բացի դրանցից մի կապոցի մեջ նրանք բերել էին կանացի հագուստներ Լալայի և Սառայի համար, այլև երեխաների հագուստներ երկու փոքրիկների համար։ Սառան և Լալան չմոտեցան կերակուրներին, նրանք ուտելու ախորժակ չունեին, բայց երկու փոքրիկները վրա պրծան և սկսեցին ագահությամբ ուտել։ Ծառաները դրսում սպասեցին, մինչև վերջացավ ճաշը։

Լալան ինքն հագնվեցավ և նույնպես փոխեց Սառայի ցնցոտիները, հագնվեցան և երկու կիսամերկ փոքրիկները, այնուհետև կերպարանափոխված ընտանիքը դուրս եկավ վանքի ապականված մթնոլորտից, և սկսեց դիմել դեպի բժշկապետի պատրաստած բնակարանը: