Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երիտասարդը, երկչոտ վստահությամբ,- մի՛ գուցե նրանց էլ մի փորձանք պատահած լինի։

— Նրանք հիմա լավ տեղում են, ես տարա նրանց մեր էլի (ցեղի) մեջ, մեր չադրումն են կենում կնոջս մոտ։ Դու չե՞ս իմանում, Սարհատ, ես ախար հիմա կին ունեմ, մի երեխա էլ ունեմ, մի սիրուն երեխա։ Հայրդ (աստված նրա հոգին լույսի բաժին անե) ինձ պսակեց, մի լավ աղջիկ բերեց, և հարյուր ոչխար էլ տվեց, ասում էր, «Մըստո, բավական է ինչ որ ծառայեցիր, գնա՛ դրանից հետո քեզ համար ապրիր, տուն ու տեղի տեր դարձիր»։ Բայց ես ձեր տան հացը կերել էի, նրանով էի մեծացել, ասում էի,- չէ՛, աղա, քո տան մեջ պետք է մեռնեմ, և քանի Սարհատը չի եկել, ես քո մեծ որդին կլինեմ։

Երիտասարդի սիրտը չդիմացավ այս խոսքերին, նա գրկեց Մըստոյին, և ճակատիցը համբուրեց, ասելով.

— Դարձյալ դու իմ եղբայրը կլինես, բարի Մըստո, ես քեզանից չեմ բաժանվի։ Բայց դու այն ասա՛, կարծում ե՞ս, որ եղբայրս և քույրերս ձեր չադրում ապահով կմնան։

Պատանի քուրդը ինքնավստահ պարծենկոտությամբ պատասխանեց.

— Շեյխ Ջալալեդդինը իր բոլոր ավազակներով Մըստոյի չադրը մտնել չէ կարող։ Դու ինքդ լավ ես իմանում եզիդիների ղեյրաթը (նախանձախնդրությունը). մի մարդ, ինչ ազգից էլ որ լիներ նա, երբ մտնում էր եզիդիի չադրի տակը, այն ցեղի բարի հյուրն է համարվում, այն ժամանակ բոլոր ցեղը իր արյունը կթափի և իր հյուրին թշնամու ձեռքը չի տա։

Հանկարծ նա խոսքը կտրեց և սկսեց ուշադրությամբ ականջ դնել։

— Լսում ես՞,— հարցրեց նա,- այդ ձայները։

— Ի՞նչ ձայներ,— հարցրեց երիտասարդը, որովհետև նա այն աստիճան խռովված էր, որ ոչինչ ձայն չէր լսում։

— Երգում են...։ Այսպես երգում է քուրդը, երբ թալան և գերիներ է տանում։

— Ուրեմն գնանք,— ասաց երիտասարդը։

— Գնանք,— կրկնեց պատանին։

Երկուքն էլ դիմեցին դեպի այն կողմը, որտեղից լսելի էին լինում ձայները։