Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բերվել էր անուշահոտ ըմպելին,— դու չե՞ս իմանում, որ իմ խուցը այն ուխտատեղներից է, ուր մատաղը իր ոտքովն է գալիս...[1]։

— Իմանում եմ... լավ է այդպիսի ձգողական զորություն ունենալ։

Արևը մտել էր արդեն։ Անտառի մեջ մռայլը հետզհետե թանձրանում էր, թեև ոսկեզօծ ամպերը տակավին վառվում էին արեգակի վերջին ճառագայթներից։ «Լուսավորչի քամին» փոքր ինչ մեղմացել էր և ծառերի տերևները հազիվ շարժվում էին մի խուլ, կախարդական սոսափյունով։ Անտառի խորին լռությունը երբեմն ընդհատվում էր տխուր հառաչանքներով։ Գիշերը մոտենում էր։ Խավարի մեջ ավելի շուտ զարթնում են դառն հիշողությունները։ Բացօթյա, գետնատարած, մերկ և անոթի ալաշկերտցին, մի սարսափելի երազից սթափված մարդու նման, դեռ նոր սկսել էր զգալ իր վիճակի դառնությունը։ Նա մտածում էր, որ հարստություն ուներ, իսկ այժմ ստիպված է մուրացկանությամբ ապրել։ Նա մտածում էր, որ տուն և օթևան ուներ, իսկ այժմ բաց երկնքի տակ է ապրում։ Նա մտածում էր, որ զավակներ ուներ, իսկ այժմ չկան նրանք, ո՞րտեղ կորան, ո՞վ տարավ, ի՞նչ եղան, ինքն էլ չգիտեր։ Բոլորը կորավ մի խառնաշփոթ և սոսկալի խռովության մեջ, երբ մայրը որդուն մոռացել էր, երբ եղբայրը մոռացել էր իր քրոջը, երբ տղամարդը կորցրել էր ամուսնին, երբ ամեն մարդ, հալածված թուրքի սրից և հրից, աշխատում էր իր գլուխը միայն ազատել։ Ամեն մարդ սրտումը անդարմանելի վերք ուներ, ամեն մարդ կորցրել էր մի բան, որ նրա համար աշխարհի բոլոր բաներից թանկագին և անփոխարինելի էր։ Այս էր պատճառը, որ ամբողջ Վաղարշապատը այս գիշեր թնդում էր գաղթականների հառաչանքներով, որոնք կատարում էին մի ընղհանուր սուգ, սո՛ւգ, որի համար մխիթարություն չկար...

Այդ միջոցին մի պարթևանձնյա տղամարդ, անցնելով անտառի ծառերի միջով, հետաքրքիր աչքերով նայում էր գաղթականների վրա, մոտենում էր նրանց, խոսեցնում էր և դարձյալ շարունակում էր իր ընթացքը։ Տխուր, մտահույզ. կերպարանքը այդ տղամարդի, երեսի այրական արտահայտությունը, համարձակ և անձնավստահ շարժմունքը ակամա ուշադրություն էին դարձնում իր վրա։ Նա

  1. Ամայի և ժողովրդից մոռացված տեղերում գտնված կիսավեր մատուռների և վանքերի մասին ավանդություններ կան, որ նրանք տոնի օրերում վայրենի անասանները իրանց հոժարությամբ գալիս են նրանց դուռը, և անապատի հովիվները բռնելով մատաղ են անում