Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ոչինչ, ես ինքս էլ համոզված են, ոչինչ, բայց ի՞նչ ճար ունեմ, ու՞մը դիմեմ, ու՞ր գնամ, մնացել եմ շվարած։

— Դիմեցեք հայ հասարակությանը։

Հայր սուրբը ոչինչ չպատասխանեց և րոպեական մտածությունից հետո ասաց, կարծես ինքն իր հետ խոսելով.

— Այժմ դժվար է բոլորը պարզել... բայց կգա մի օր, երբ ժամանակը կմերկացնե խայտառակ իրականությունը...

Կարծես, արյունի հետ դուրս բխեցան այդ խոսքերը անբախտ աբեղայի սրտից։ Նա այն աստիճան հուսահատված էր, այն աստիճան զայրացած էր, որ իրան զսպել չկարողացավ։ Եվ ի՞նչ հարկ կար Վարդանի մոտ ծածկամիտ լինել։ Վարդանը օտար մարդ չէր նրա համար։ Վարդանի հետ նա գործել էր։ Վարդանի հետ շատ խորհուրդների մեջ մասնակից էր եղել։

Խոսակցությունը կրկին դարձավ գաղթականների վրա։ Ալաշկերտցոց առաջնորդը պատմում էր իր վտարանդի ժողովրդի թշվառությունները, նկարագրում էր, թե որպիսի տառապանքներ են կրում նրանք, առաջարկում էր միջոցներ, որոնցմով կարելի կլիներ պահպանել նրանց կատարելապես ոչնչանալուց։

— Ինձ շատ զարմացնում է, որ այդքան ահագին թվով հիվանդներ կան գաղթականների մեջ,— կտրեց երիտասարդը հայր