Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զ

Կես ժամից հետո նրանք գտնվում էին մի լեռան բարձրավանդակի վրա, որտեղից նկատեցին ձորի մեջ մի ընթացող քարավան, որը հեռավորության պատճառով թեև պարզ չէր նշմարվում, բայց նրա օտարոտի երևույթը խիստ կասկածավոր ձև էր տալիս նրան։

— Մենք քարավանի առաջը կկտրենք, թե որ այս կողմով գնանք,- ասաց Մըստոն ցույց տալով հազիվ նկատելի շավիղը, որ միայն որսորդներին էր մատչելի։

— Բայց ես չեմ ուզում, որ նրանք տեսնեն մեզ,- ասաց Սարհատը խորհրդավոր ձայնով։

— Տեսնել չեն կարող, հազար աչք էլ ունենան տեսնել չեն կարող. այս լեռները ես ճանաչում եմ որպես իմ հինգ մատը։ Գնա՛նք։

Մըստոյի ընտրած ճանապարհը, թեև շատ դժվարին էր և անդադար սարսափելի ելևէջներով էր գնում, բայց այնքան կարճ և կտրուկ էր, որ շուտով նրանք անցան քարավանը, և անտեսանելի կերպով թաքչելով թփերի մեջ, սկսեցին հեռվից դիտել նրան։ Սարհատը մի հարևանցի հայացք ձգելով քարավանի վրա, տեսավ, որ դա քուրդ ասպատակների մի մեծ խումբ էր, որ տանում էին ավար և գերիներ։ Նա դարձավ դեպի իր ընկերը այս խոսքերով.

— Կարո՞ղ ես, Մըստո, մի կերպով մտնել այս քարավանի մեջ և իմանալ, թե գերիները ո՞րտեղից են բերում, ուր են տանում և այս գիշեր ո՞րտեղ կիջևանեն կամ իրանք քրդերը ի՞նչ ցեղից են:

— Բոլորը կարող եմ գիտենալ։

— Ի՞նչպես կմտնես նրանց մեջ։

— Ինչպես պետք է մտնել, ինձ խո չեն ուտի, կգնամ, բարև կտամ, քեֆները կհարցնեմ, հետո ես գիտեմ, թե ինչ կասեմ...։

— Լա՛վ, գնա՛, չուշանա՛ս։

Մըստոն սատանայի նման աներևութացավ։ իսկ Սարհատը այժմ սկսեց ավելի հետաքրքրությամբ նայել քարավանին։ ի՞նչ էր տեսածը։ Ձիավոր քրդերի մի բազմություն, եզների, ավանակների և սայլերի վրա բարձած, քշում էին խառնիճաղանճ քարավանը, որ տանում էր տնային կարասիք և զանազան տեսակ իրեղեններ։ Բեռների վրա կապել էին մի-մի կամ երկու-երկու կին, աղջիկ և մանկահասակ պատանիներ։ Ավարը և գերիները միասին մի բեռն էին կազմում և քշում էին առաջ ամենայն սաստկությամբ։ Նրանք