Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդ իմ համակրությունը այն աստիճան չէ գրաված, որպես այդ եռանդոտ երիտասարդը։ Ես տեսա, որքան քաջ, որքան անգութ է նա արյունոտ գործերում, այնքան ավելի ազնիվ, բարի և հավատարիմ է բարեկամության մեջ։

— Բացի դրանից, Վարդանը նշանավոր է և իր սատանայական խելքով. նա իր կյանքում կատարել է շատ բան, որքան հազիվ կարող էր կատարել մի լավ գործիչ, հարյուր տարվա ընթացքում։ Միայն նա խիստ համեստ է իր գործունեության մեջ և սիրում է միշտ ծածկվել հասարակ մարդու կեղևի մեջ։

Վարդանը, առավոտյան զարթնելով գտավ իրան հայր սուրբի սենյակի մեջ մենակ։ Արեգակի ճառագայթները ներս էին ծագել խուցի նեղ լուսամուտներից և լցրել էին նրան խիստ պայծառ լույսով։ Բայց տաքացած օդը խեղդելու չափ անտանելի էր։ Նա մոտեցավ լուսամուտներից մեկին և բաց արեց. դրսի թարմ և հովասուն օդը ախորժ հոսանքով զարկեց նրա բորբոքված երեսին։ Բայց մի բան, կարծես, ծանրացել էր նրա սրտի վրա, մի բան դարձյալ խեղդում էր նրան։ Մի փոքր սպասեց, մինչև իր հյուրընկալը կվերադառնար։ Բայց ուշացավ նա. Վարդանը այժմ խիստ անհամբեր էր դարձել, նա դուրս եկավ մի փոքր ազատ օդ շնչելու։ Եվ որովհետև չէր ցանկանում, որ վանքում տեսնեին կամ ճանաչեին նրան, այս պատճառով ետևի դռնից դուրս եկավ դեպի լճի կողմերը։ Այնտեղ գտավ մի ծերունի եպիսկոպոս, որին իսկույն ճանաչեց։ Դա վանքի նշանավոր հնություններից մեկն էր։

— Բարով, պապի։ Ամբողջ միաբանությունը նրան «պապի» էր կոչում։ Պապին նստած էր ամառային արեգակի այրող ճառագայթների հանդեպ և տաքացնում էր իր սառած անդամները։ Նա նմանում էր հնդկական ֆագիրներին, որոնք չեն լվացվում, չեն սանրվում, եղունգները չեն կտրում և լավ չեն հագնվում, որովհետև մեղք են համարում։ Լսելով երիտասարդի ձայնը, նա ձեռքը դրեց ճակատի վրա, որ աչքերից արգելե լույսի ուղիղ ճառագայթները, և վեր նայելով, ասաց.

— Ձայնդ ծանոթ է գալիս, որդի, բայց աչքերս չեն ջոկում, թե դու ով ես, որդի։

— Ես Վարդանն եմ։

— Շատ ապրիս, որդի, եկ, համբուրեմ քեզ. որքա՜ն մեծացել ես, որդի։

Վարդանը թույլ տվեց իրան համբուրել։